Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ը արդեն սկսել է թիմի գլխավոր մարզչի հավակնորդների ընտրման գործընթացը:
Հիշեցնենք` վերջին մամլո ասուլիսի ժամանակ պորտուգալացի մասնագետն, այնուամենայնիվ, չի հաստատել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալ»-ը լքելու մասին շրջանառվող լուրերը: Բացատրություններ ստանալու համար Մոուրինյոն խորհուրդ տվեց դիմել «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին և այդ տեղեկությունը տարածած լրագրողին:
Սակայն իսպանական լրատվամիջոցները շարունակում են փաստել, որ Մոուրինյոն լքելու է «Ռեալ»-ը: Նշվում է, որ նրա տեղը զբաղեցնելու հավակնորդներն են Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը և ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
Իսպանական գրանդի ղեկավարների կարծիքով` թիմի ապագա գլխավոր մարզիչը պետք է կարողանա ընդհանուր հայտարարի գալ աստղերի հետ, Եվրոպայի առաջնություններից մեկում և Չեմպիոնների Լիգայում աշխատանքի փորձ ունենա, պետք է կարողանա դիմակայել արտաքին ճնշումներին և պայքարել լրատվամիջոցների դեմ:






































