Armchess.am-ը տեղեկացնում է, որ «Շախմատային Հայաստան»-ը լույս է ընծայել Գագիկ Հովհաննիսյանի «Հայերի հաղթարշավը Ստամբուլում» գիրքը: Այն նվիրված է շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի տարած փայլուն հաղթանակին:
Հեղինակը, որը Ստամբուլում անմիջականորեն հետեւում էր մարզական խոշորագույն իրադարձության ընթացքին, ականատեսի աչքերով ներկայացնում է օլիմպիադայի ամենահետաքրքիր դրվագները, հայ շախմատիստների ելույթների մանրամասները:
Զետեղված են օլիմպիական չեմպիոնների` Լեւոն Արոնյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի, Տիգրան Պետրոսյանի Ստամբուլում խաղացած բոլոր պարտիաները, սփյուռքից ստացված արձագանքները, օլիմպիադաների պատմությունը ներկայացնող տեղեկատու ուշագրավ նյութեր, բազմաթիվ գունավոր լուսանկարներ: