Ալիեւի աշխատակազմի արտաքին հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը ԱՄՆ-ում է, որտեղ հանդիպումներ է ունեցել պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ի դեպ, այդ թվում նաեւ Յուրի Քիմի, որը Արցախում ադրբեջանական ուժային գործողությունից, էթնիկ զտումից կարճ ժամանակ առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ թույլ չի տա Բաքվին էթնիկ զտում իրականացնել Արցախում:
Վաշինգոտոնում գտնվող Հաջիեւը, ըստ ադրբեջանական կողմի տեղեկատվության, ի թիվս տարբեր հարցերի, քննարկել է նաեւ Հայաստանին ու Ադրբեջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Թե որքան լայն է եղել այդ շրջանակն ու ինչ մանրամասներ է պարունակել, ադրբեջանական տեղեկատվությունը լռում է: Հաջիեւը ԱՄՆ է մեկնել մայիսի 10-ին Ալմաթիում տեղի ունեցած հայ-ադրբեջանական արտգործնախարարական հանդիպումից հետո: Երկօրյա այդ հանդիպումը ողջունել են՝ նախ Մոսկվան, հետո՝ Փարիզը:
ԱՄՆ առայժմ ուղիղ գնահատական չի տվել հանդիպմանը, խոսելով այն մասին, որ շարունակում է հնարավոր համարել հայ-ադրբեջանական խաղաղությունը: Ալմաթիի հանդիպումից հետո ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարեց, որ այնտեղ քննարկումները ծավալվել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հունով:
Հաջիեւը Վաշինգտոն է մեկնել հավաստիացնելու, որ Ադրբեջանը պահու՞մ է բալանսն ու չմասնակցելով արեւմտյան հարթակներին՝ այդուհանդերձ չի՞ շեղվում արեւմտյան շահերից: Թե՞ Վաշինգտոն է մեկնել Ալմաթին «վաճառելու» համար: Հիքմեթ Հաջիեւը ադրբեջանական «հիերարխիայում» վաշինգտոնյան ուղղության հիմնական ֆունկցիոներն է: Հայաստանում այդ ֆունկցիոները ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է: Վաշինգտոնում եղել են իհարկե արտգործնախարարների մակարդակով երկու՝ «բազմօրյա» հանդիպումներ, 2023 թվականի մայիսին եւ հունիսին, բայց հիմնական աշխատանքային կոմունիկացիան պահպանել են Գրիգորյանն ու Հաջիեւը՝ նաեւ Վաշինգտոնում կայացած աշխատանքային հանդիպումներով: Հայաստանի ԱԽ քարտուղարի այց կհետեւի՞ Հաջիեւի վաշինգտոնյան այցին:








































