Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2012 թվականը մեզ համար կնշանավորվի ևս մեկ սպորտային կարևոր իրադարձությամբ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԻԲԱ բռնցքամարտի Աշխարհի 2012թ. երիտասարդական առաջնությունը կանցկացվի Երևանում:
Ի սկզբանե նախատեսված էր առաջնությունն անցկացնել Թաիլանդում: Սակայն Թաիլանդը հրաժարվեց իր երկրում առաջնությունն անցկացնելու գաղափարից: Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (ԱԻԲԱ) առաջարկին արձագանքեց Հայաստանը: Այսպիսով, նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Երևանը կհյուրընկալի առաջնության մասնակիցներին: Պատվիրակությունները Երևան կժամանեն նոյեմբերի 25-ից մինչև 27-ը: Նոյեմբերի 28-ին տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը, իսկ մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 29-ին և կտևեն մինչև դեկտեմբերի 7-ը:
«Բոլոր մարզական կենտրոններն արդեն տեղեկացված են, որ պետք է իրենց մոտ ամենօրյա մարզումներ լինեն և կազմ ու պատրաստ վիճակում են: Մարզահամերգային համալիրում նույնպես շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Անհրաժեշտ սարքավորումներն արդեն պատրաստ են, բայց ներկայումս դահլիճը կահավորել հնարավոր չէ, քանի որ այս օրերի ընթացքում համալիրի մեծ դահլիճում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում, դահլիճը նախապես վարձակալված էր: Վերջին միջոցառումից անմիջապես հետո կսկսվեն դահլիճի՝ մրցաշարին նախապատրաստման աշխատանքները (ռինգի տեղադրում, պաստառներ, լույսեր և այլն):
Մրցաշարի կազմակերպման նպատակով ներդրվել է 300-320 մլն դրամ: Ինչպես նշեցինք, առաջնությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ, իսկ Թաիլանդի՝ մրցաշարի անցկացումից հրաժարվելուց հետո բռնցքամարտի ֆեդերացիան մրցաշարի կազմակերպման նպատակով ընդամենն ուներ 2 ամիս ժամանակ, բայց մենք հասցրել ենք այդ կարճ ժամանակահատվածում նախապատրաստվել: Ադրբեջանը նույնպես մասնակցելու է մրցաշարին: Պետական ատյանների կողմից Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ են տրվել»,- 1in.am Sport-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:










































