Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մեկ անգամ ևս հաստատեց, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Որոտանի կասկադի վաճառքի գործարքը և աջակցում: Նրա կարծիքով՝ այն օգտակար է և՛ երկու երկրների, և՛ կազմակերպության համար:
Դեսպանն այդպիսի կարծիք հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ ի պատասխան մեր այն հարցադրմանն ու դիտարկմանը, որ ընդդիմությունն այդ գործարքը համարում է անօրինական և ոչ թափանցիկ: Դեսպանին հիշեցրինք, որ նախկինում նա Որոտանի կասկադի գործարքը համարում էր Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիա, ի՞նչ է կարծում՝ հնարավո՞ր է՝ այն ձախողվի հենց Ռուսաստանի պատճառով:
«Գործարքը ստորագրվել է հունվարին, և մենք հուսով ենք, որ այն կավարտվի: Մենք կարծում ենք, որ այդ գործարքը կնպաստի ինչպես Հայաստանի էներգամատակարարման դիվերսիֆիկացմանը, այնպես էլ տնտեսական և ներդրումային առումով կարևոր է, մինչ այժմ կատարված ամերիկյան ամենախոշոր մասնավոր ներդրումն է 250 միլիոն:
Ֆինանսավորման հարցում ներգավված են նաև միջազգային ֆինանսական կորպորացիան և օտարերկրյա երկրներում ներդրումների աջակցման հանձնաժողովը»։
Ջոն Հեֆերնը ևս մեկ անգամ հույս հայտնեց, որ այն կիրականացվի ստորագրվածի համաձայն, և դա երկու երկրների համար լավ խթան կլինի: