Ռուսաստանն այլընտրանքային գործընկերոջ՝ Չինաստանի հետ գործարքի շնորհիվ երկարաժամկետ հեռանկարով ուժեղ ձեռք է Եվրոպայի գազային քաղաքականության մեջ, գրում է The Guardian-ը:
Մոսկվայի և Պեկինի համաձայնությունը սպառնում է նրանով, որ Չինաստանը կարող է ստանալ Եվրոպայի համար նախատեսված գազը, կարծում է թերթը: Բացառված չէ, որ սա դատարկ սպառնալիք է, բայց նույնիսկ այդ դեպքում Կրեմլի հետ գազային վեճերի համար եվրոպական երկրների ունեցած ազդեցության գործիքները կարող են թուլանալ, ասվում է հոդվածում:
Այդպիսի դասավորվածությունից ամենից շատ կտուժեն Ուկրաինան և Արևելյան Եվրոպան, կարծում է պարբերականը: Ըստ թերթի՝ էներգետիկ նոր գործընկեր որոնելու ճանապարհին դեպի արևելք Ռուսաստանի շրջադարձի հետևանքները պետք է Եվրոպայում սեփական գազային փոխադրումների և էներգետիկ անվտանգության առնչությամբ անհանգստություն առաջացնեն: Միևնույն ժամանակ, կարճ ժամկետով եվրոպական շուկան նախկինի պես պետք կլինի Մոսկվային, ասվում է նյութում:
Իր հերթին, The Sydney Morning Herald-ը գրում է, որ Ռուսաստանի և Չինաստանի «մեգագործարքը» վատ նորություն է Ավստրալիայի համար, քանի որ Մոսկվայի և Պեկինի գազային համաձայնության պատճառով կարող է վերանալ Քվինսլենդում գազի արտահանման նախագծերի հետագա ընդլայնման ցանկացած հնարավորություն:
«Այդ գործարքը շատ լուրջ ներուժ ունի, ուստի այն կարող է շրջադարձային դառնալ Ավստրալիայում հիմնական շուկայի՝ բնական հեղուկ գազի շուկայի համար»,- ասել է խորհրդատու Գրեմ Բեթյունը EnergyQuest-ից: Փորձագետի կարծիքով՝ Մոսկվայի և Պեկինի համաձայնությունն Ավստրալիայի գազ արտահանողներին կստիպի ակտիվորեն գործել ու գներն իջեցնել: