Իսրայելում շարունակվում է ծանրամարտի համաշխարհային ուսանողական երրորդ առաջնությունը: Մրցումների հերթական օրը Հայաստանի հավաքականի հաշվին կրկին մեդալներ գրանցվեցին: 77 կգ քաշայինների պայքարում Սամվել Գրիգորյանը երկամարտի 333 կգ (149 կգ + 184 կգ) արդյունքով գրավեց երկրորդ տեղն ու նվաճեց արծաթե մեդալ:
Առաջինը ճանաչվեց ռուսաստանցի Դմիտրի Խոմյակովը` 338 կգ արդյունքով (155 կգ + 183 կգ): Բրոնզե մեդալը բաժին հասավ մոլդովացի Դմիտրի Կապտարին (328 կգ՝ 145 կգ + 183 կգ):
Մեր ծանրորդներից երկրորդ արծաթե մեդալը նվաճեց Աղասի Աղասյանը (85 կգ): Նա պոկեց 155 կգ, հրեց 195 կգ ծանրաձողը և երկամարտի 350 կգ արդյունքով կանգնեց պատվո հարթակի երկրորդ աստիճանին:
Հայաստանի ևս երեք պատվիրակներ կելնեն մրցասպարեզ և կպայքարեն առաջնությունում խաղարկվող մեդալների համար:






































