Մեծ յոթնյակի երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը Հյուսիսային Կորեայի լիակատար ապամիջուկայնացմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում անցկացվող գագաթնաժողովի մասնակիցների տարածած համատեղ հայտարարության մեջ։
«Մենք խորը մտահոգություն ենք հայտնում Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի վերաբերյալ և վերահաստատում ենք մեր հանձնառությունը Հյուսիսային Կորեայի լիակատար ապամիջուկայնացմանը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի», – նշվում է համատեղ հայտարարության մեջ:
G7-ի ղեկավարները նաև վերահաստատել են «Հյուսիսային Կորեայի կողմից կրիպտոարժույթների գողության և կիբեռհանցագործությունների դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը»:
Հունիսի 14-ին Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ընդգծվում է, որ «ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման հարցը վերջնականապես և անդառնալիորեն փակված է»։ Արտաքին գործերի նախարարությունը նաև շեշտել էր, որ երկրի՝ որպես միջուկային տերության կարգավիճակն անշրջելի է։
Մեծ յոթնյակի երկրների համատեղ հայտարարության մեջ նաև նշվում է օրենքի գերակայության վրա հիմնված «ազատ և բաց» Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կարևորությունը։ Ղեկավարները դեմ են արտահայտվել «Արևելաչինական և Հարավչինական ծովերում և Թայվանի նեղուցում ստատուս քվոն փոխելու ցանկացած միակողմանի ջանքի, հատկապես՝ ուժի կամ հարկադրանքի միջոցով»։
Համատեղ հայտարարության մեջ առանձին կետերով անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքին և Ուկրաինային։










































