«Շալկե-04»-ի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը հույս է հայտնել, որ Մյունխենի «Բավարիա»-ն երկրորդ պարտությունը կկրի Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում:
Եթե հոլանդացի ֆուտբոլիստի ցանկությունն իրականություն դառնա, ապա Յուպ Հայնկեսի սաների նկատմամբ առավելության կհասնի «Համբուրգ»-ը, որը սեփական հարկի տակ ընդունելու է մյունխենյան ակումբը:
«Չեմ թաքցնի, անչափ մեծ ցանկություն ունեմ մյունխենցիների պարտության ականատեսը դառնալու: Բնական է, քանի որ նրանք գլխավորում են Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ մենք զբաղեցնում ենք երկրորդ հորիզոնականը: Բնական եմ համարում նաև այն, որ մենք կուրախանանք «Բավարիա»-ի անհաջողության համար: «Շալկե»-ի ֆուտբոլիստների համար դա հիանալի նորություն կլիներ»,- հայտարարել է Նիդեռլանդների ազգային թիմի ֆուտբոլիստը:








































