Վենեսուելայի իշխանությունները ձերբակալել են ընդդիմադիր երկու ազդեցիկ առաջնորդների սպանության մեջ մեղադրվող կասկածյալին: Սպանությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Բարինաս նահանգում տեղի ունեցած ցույցի ժամանակ:
Սպանվածներից մեկը` Գիսոն Վալերոն, «Արդարությունն ամեն ինչից բարձր է» կուսակցության ակտիվիստներից էր, մյուս զոհը` Օմար Ֆերնանդեսը, ընդդիմությանը պաշտպանում էր` որպես անկախ քաղաքական գործիչ:
Ընդդիմադիրների խոսքերով՝ զինված մարդիկ կրակ են բաց թողել ավտոֆուրգոնից: Որոշ վկաներ հավաստիացնում են, որ այդ ավտոմեքենան պատկանում է պետական նավթային ընկերությանը:
Կասկածյալին ձերբակալելու մասին հայտարարել է ՆԳ նախարարը` հավաստիացնելով, որ ոստիկանությունը փորձում է բացահայտել սպանության նպատակը:
Հոկտեմբրի 7-ին Վենեսուելայում կայանալու են նախագահական ընտրություններ: Որպես գործող նախագահ Ուգո Չավեսի մրցակից՝ հանդես է գալիս ընդդիմության միասնական մեկ թեկնածու` Էնրիկե Կապրիլեսը: