«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին խոսել է ակումբի ղեկավարության և մարզչական շտաբի հարաբերությունների մասին:
Զլատան Իբրահիմովիչի, Տիագո Սիլվայի և Անտոնիո Կասանոյի հեռանալուց հետո ակումբը խղճուկ տեսք ունի: Թիմն անհաջող է մեկնարկել Իտալիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում, որից հետո տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Միլան»-ի ղեկավարությունը պատրաստվում է հեռացնել գլխավոր մարզչին:
Կան նաև նոր մարզչի թեկնածուների անունները՝ Մաուրո Տասոտի, ով ակումբում է արդեն 30 տարի, և Ֆիլիպո Ինձագի, ով ներկայումս աշխատում է երիտասարդական թիմի հետ:
«Մենք հավատում ենք Ալեգրիին: Ցանկացած մարզիչ կարող է հեռացվել, եթե թիմը 10 անընդմեջ պարտություն կրի, բայց սա այդ դեպքը չէ: Ես և Բեռլուսկոնին միմյանց ճանաչում ենք արդեն 33 տարի, և հնարավոր չէ, որ մենք չգանք ընդհանուր հայտարարի»,- հայտարարել է Գալիանին:








































