Marca-ի հաղորդմամբ Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ աշխարհահռչակ Մարադոնան այժմ էլ ցանկանում է գլխավորել իսպանական ակումբներից մեկը: Այդ նպատակով լեգենդար արգենտինացին դիմել է Խորխե Մենդեսի կադրային բյուրո:
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է Պորտուգալիայի Օպորտու քաղաքում, որտեղ գտնվում է բյուրոյի կենտրոնական գրասենյակը:
Նշենք, որ Մենդեսի ծառայություններից Իսպանիայում հանդես եկող բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստներ և մարզիչներ են օգտվում, այդ թվում Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ռոնալդուն ու գլխավոր մարզիչ Մոուրինյոն:
Մարադոնայի խոսքերով, ինքը պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքին. «Աշխարհի առաջնությունից հետո ես մի քանի առաջարկ ունեցա, բայց այն ժամանակ պատրաստ չէի ընդունել դրանք: Այժմ իրադրությունը փոխվել է, և ես ցանկանում եմ որևէ ակումբում աշխատել, օրինակ` իսպանական»:
Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ Մարադոնան անգլիական ակումբներից մեկում աշխատելու ցանկություն էր հայտնել: