Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով Selectorgame.com-ը, տեղեկացնում է, որ ռուսական «Սպարտակ»-ի երկրպագուներն իրենց հետ Ստամբուլ են տանում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշները: Ռուսական ակումբն այսօր հանդիպում է անցկացնելու «Ֆեներբախչե»-ի հետ:
Սա թիմի պատասխանն է թուրքական հաքերներին, որոնք ակումբի պաշտոնական կայքը կոտրում էին՝ տեղադրելով Քեմալ Աթաթուրքի լուսանկարը: Թուրքերը հորդորում էին «անմիջապես ներողություն խնդրել իրենց ժողովրդից, քանի որ չեն պատրաստվում բոլոր հանցանքները թողնել անպատիժ»:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանում հայկական «Երկրամաս» թերթը, «Սպարտակ»-ի երկրպագուներն իրենց հետ Ստամբուլ են տանում Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշները: Բացի այդ՝ նաև պաստառներ են տանում, որոնց վրա գրված է՝ «Թուրքիաˊ, ճանաչիˊր Հայոց ցեղասպանությունը» և «Թուրքիաˊ, վերադարձրոˊւ հայոց հողերը»:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, նախօրեին Ստամբուլում ձեռնարկվել են աննախադեպ միջոցառումներ՝ անվտանգությունն ապահովելու համար: Նշվում է, որ քաղաքում ոստիկանությունը լինելու է ավելի քան զգոն:






































