Գյումրիի «Քաղաքային» վերակառուցված մարզադաշտի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 29-ին, որտեղ կանցկացվի 2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Գյումրեցի ֆուտբոլասերները Facebook-ի միջոցով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին խնդրել են, որ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում անցկացվի նաև ազգային ընտրանու հանդիպումներից մեկը:
«Ամենայն հավանականությամբ, երիտասարդական հավաքականի խաղերը կանցկացվեն Գյումրիում»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի նոր մարզահագուստին, որը մեր ընտրանին պետք է կրեր փետրվարի 28-ին և 29-ին Կիպրոսում կայանալիք ընկերական հանդիպումների ժամանակ:
«Երեք օր առաջ մեր գործընկերները մեզ տեղյակ պահեցին, որ իրենք չեն կարող ապրիլ ամսից շուտ ուղարկել մարզաշապիկները: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին ազգային հավաքականի հետ կապված շատ ավելի ուրիշ կարևոր բաներ են հետաքրքրում, քան մարզաշապիկը: Պայմանագիրը կնքված է, և մեր ազգային հավաքականը կունենա Ադիդաս մարզաշապիկ»: