Սեպտեմբերին մեկնարկելիք ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Այս և այլ հարցեր քննարկվել են ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները: Քննարկվող հիմնական թեման երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտեր վերադարձնելու հարցն է եղել:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերն այս պահին անցկացվում են առանց երկրպագուների։ Կոնֆերանսի մասնակիցներն ընդգծել են հիգիենայի և սանիտարական միջոցառումների խստիվ պահպանման անհրաժեշտությունը հանդիպումների ժամանակ: ՈՒԵՖԱ-ն համարում է, որ չափազանց վաղ է ազգային հավաքականների մասնակցությամբ սեպտեմբերին կայանալիք հանդիպումների ընթացքում երկրպագուների ներկայությունը թույլատրելու համար: Անհրաժեշտ է անցկացնել թեստային հանդիպումներ՝ երկրպագուների ներկայության ազդեցությունը առողջապահական հետագա զարգացումների վրա որոշելու համար: Առաջարկվել է, որպես նախադեպային հանդիպում, դիտարկել Եվրոպայի Սուպերգավաթի՝ սեպտեմբերի 24-ին Բուդապեշտում կայանալիք հանդիպումը:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի առաջին տուրի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին Սկոպյեում պետք է մրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Սեպտեմբերի 8-ին էլ մեր հավաքականը Երևանում հանդիպելու է Էստոնիային։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ազգային թիմը վերջին հանդիպումն անցկացրել է 2019 թվականի նոյեմբերին՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Պալերմոյում 9։1 հաշվով զիջելով Իտալիային։ Երևանյան վերջին հանդիպումը ևս տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերին։ Մեր հավաքականը Երևանում 0։1 հաշվով զիջել էր Հունաստանին։ Ստացվում է՝ հայ երկրպագուն հնարավորություն չի ունենա գլխավոր թիմի մասնակցությամբ երկար սպասված հանդիպմանը հետևելու մարզադաշտից։
Ինչևէ, տևական դադարից հետո Եվրոպայում վերսկսվել է մեծ ֆուտբոլը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Չեմպիոնների և Եվրոպա լիգայի խաղարկություններին, որոնց հանդիպումներն անցնում են առանց հանդիսականների: Համավարակի պայմաններում ֆուտբոլային մեծ մրցաշարերի վերադարձը, ինչ խոսք, մեծ իրադարձություն էր մարզասերների համար, բայց… Ընդունենք, որ դիտելով նույն «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումը՝ առանձնապես ոգևորություն չապրեցինք։ Ֆուտբոլը գրավիչ չէր մի պարզ պատճառով. տրիբունաները դատարկ էին։ Ֆուտբոլը կյանք վերադարձավ առանց էներգետիկայի, որն ըստ էության մարզաձևի զարկերակն է։ Եթե իրավիճակին այլ տեսանկյունից նայենք, պետք է փաստենք, որ ականատեսն ենք դառնում աննախադեպ մի երևույթի։
Էներգետիկայի բացակայությունն իր ազդեցությունն է թողնում նաև ֆուտբոլիստների վրա, որոնք մշտապես խաղացել են երկրպագուների աջակցության ներքո։ Նույնիսկ մրցակցի հարկի տակ խաղալիս մրցակից թիմի երկրպագուների ճնշումը ակամայից մոտիվացնող ազդեցություն էր թողնում։ Հնարավոր է՝ շատերը չհամաձայնեն, բայց Չեմպիոնների լիգայի խաղարկության որակը զգալի անկում է ապրել։ Մասնավորապես, վերջին հանդիպումներում չկար այն ֆուտբոլային տեմպն ու դինամիկան, որը բնորոշ է այդ մրցաշարին։ Մի քանի ամիս ֆուտբոլն ըստ էության գոյություն չուներ, իսկ հիմա ականատեսն ենք լինում միանգամայն ուրիշ ֆուտբոլի։ Վարակի առկայությունը թույլ չի տալիս մոտենալ ֆուտբոլին։ Թե որքան ժամանակ երկրպագուն հեռու կլինի ֆուտբոլից՝ դժվար է ասել։ Չի բացառվում, որ մինչև տարեվերջ հնարավորություն չենք ունենա դիտելու իրական ֆուտբոլ։
Այո, առանց հանդիսականների ֆուտբոլը հիասթափեցնում է, նույնիսկ տհաճ զգացողություններ առաջացնում, բայց… Հարկ ենք համարում, սակայն, արձանագրել, որ նույնիսկ նման պայմաններում ֆուտբոլը հասարակությանը, թեկուզ հեռավար եղանակով, վերադարձնելը լուրջ և պատասխանատու քայլ էր։
Նշենք նաև, որ Հայաստանում այս տարվա մարտից հաստատված է արտակարգ դրություն, որը ավարտվելու է սեպտեմբերի 11-ին։ Ազգերի լիգայի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը երկու հանդիպում է անցկացնելու նաև հոկտեմբերին։ Մասնավորապես, հոկտեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում պետք է կայանա երկար սպասված Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Կկարողանա՞նք արդյոք հայ-վրացական դերբիին հետևել մարզադաշտից՝ այս պահին դժվար է ասել։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Ամստերդամում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին ընդգրկվել էր C ենթախմբի երկրորդ խմբում՝ Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի թիմերի հետ: Նույն ամսին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը։ Վերջինիս գլխավորությամբ մեր ընտրանին ոչ միայն որևէ հանդիպում, այլև ուսումնամարզական հավաք չի անցկացրել։ Ցավալի է, բայց Կապառոսի թե՛ նորամուտի և թե՛ երևանյան առաջին հանդիպմանը ստիպված կլինենք հետևել հեռուստացույցով։