Թուրքիան այլեւս մի պետություն է, որը չի տեղավորվում իր սահմաններում եւ դրանք ձգվում են Սոմալիից մինչեւ Ադրբեջան, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը: Նորոթյուն չէ անշուշտ, էրդողանյան Թուրքիան միջազգային ամենահավակնոտ դերակատարներից մեկն է, որը փորձում է ծավալվել թե այսպես ասած անդրծովյան մասշտաբով՝ միջերկծովյան գոտում, թե դեպի արեւելք՝ Ադրբեջան, եւ իհարկե Կենտրոնական Ասիա, թեեւ Գյուլերը առայժմ լռել է Կենտրոնական Ասիայի մասին: Մենք կենտրոնանանք Ադրբեջանի մասին նրա հայտարարության կամ շեշտադրման վրա:
Դա հնչում է այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւն էլ հայտարարում է իր երկրի այսպես ասած նշանակալի դերակատար կամ խաղացող լինելու մասին, հավակնելով առնվազն ճանաչված լինել որպես Կովկասի առանձննահատուկ դերակատար: Թուրքիայի պաշտպանության նախարարը սակայն փաստացի հայտարարում է, որ Ադրբեջանն ընդամենը Թուրքիայի սահման է՝ իր պետական սահմանները այլեւս քիչ համարող Թուրքիայի: Այլ կերպ ասած, Ադրբեջանի նախագահին Անկարայից հուշում են, որ Ադրբեջանը խաղացող է այնքան, որքան այդ խաղը թույլ կտա Թուրքիան: Ինչ խոսք, առերեւույթ հռետորաբանության մակարդակում Անկարան ու Բաքուն «եղբայրներ» են, անգամ մեկ ազգ ու երկու պետություն, գործնականում սակայն պատկերը բոլորովին այլ է եւ դա գիտեն երկուսն էլ:
Դրա համար է նաեւ, որ Էրդողանը Ալիեւին պարբերաբար հիշեցնում է, որ Թուրքիան է ապահովել Ադրբեջանի ռազմական հաղթանակ 44-օրյա պատերազմի ընթացքում: Այստեղ խնդիրը լոկ այն չէ, որ Անկարան Բաքվից ակնկալում է շատ չոգեւորվել Իսրայելի հետ հարաբերությամբ: Անկարան պարբերաբար ակնարկում է, որ Ալիեւը չունի պատերազմի հաղթանակը այսպես ասած ինքնուրույն կապիտալիզացնելու «իրավունք»: Մյուս կողմից, Անկարան ըստ երեւույթին փորձում է նաեւ ազդարարել, որ իրենն է Ադրբեջանի հանդեպ «իրավունքը» կամ «հսկիչ փաթեթը», հետեւաբար Ադրբեջանի հարցում աշխարհաքաղաքական համատեքստ պարունակող հարցերում պետք է պայմանավորվել իր հետ:









































