ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես խոսեց նաև մի խնդրի մասին, որն արդեն ուղղակի պատուհաս է դարձել հասարակության համար: Խոսքը հայկական ֆուտբոլի մասին է, որն այս պահին գտնվում է անդունդում:
Տարիներ շարունակ հայ ֆուտբոլասերը ապրում է ամոթի, զայրույթի, նվաստացման զգացումներ, որի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն մեկ մարդ է:
«Նեմեց Ռուբոյի ժամանակը երբ է գալու»,- ընթերցելով օգտատերերից մեկի հարցը՝ Նիկոլ Փաշինյանը ըստ էության սպառիչ պատասխան տվեց: «Հարգելի օգտատերեր, ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է, և ինչքան տեղյակ եմ, առաջիկայում լինելու են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ: Հույս ունեմ՝ տեղի կունենա այնպիսի ընտրություն, որը կլինի ՀՖՖ անդամների ու երկրպագուների սրտով: Այդ հարցով պետք է զբաղվեն ֆուտբոլի ֆեդերացիայի կազմում գտնվող կազմակերպությունները, մարդիկ, որոնք մասնակցելու են այդ ընտրություններին»,- ասաց Փաշինյանը:
Վերջինս այս պատասխանով հստակ կերպով հասկացրեց, որ նոր Հայաստանում ուղղակի չեն կարող լինել ընտրություններ, որոնք հասարակության սրտով չլինեն: Այն է՝ արդար և թափանցիկ քվեարկություն, որը կարտահայտի երկրպագուների կամքը:
Հիշեցնենք, որ օրենսգրքում առկա փոփոխությունների համաձայն՝ մեր երկրում գործող իրավաբանական անձանց միավորումները մինչև այս տարվա փետրվարը պետք է վերագրանցվեին ՀՀ արդարադատության նախարարությունում որպես հասարակական կազմակերպություններ կամ լուծարվեին: Իրավաբանական անձանց միավորումների գործունեությունը մեր երկրում այլևս դադարեցված է: Հաշվի առնելով, որ շատ իրավաբանական անձանց միավորումներ մինչև փետրվար չէին հասցրել վերագրանցվել, գործողության ժամկետը երկարացվել էր մինչև 2019 թվականի փետրվարը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավաբանական անձանց միություն է և, դառնալով հասարակական կազմակերպություն, բնականաբար կստանա նոր կարգավիճակ: Այս պարագայում պետք է տեղի ունենան նախագահի նոր ընտրություններ:
Նշենք, որ վերջին շրջանում Ռուբեն Հայրապետյանը արդեն իսկ հնացած՝ ՀՀԿ-ի մեթոդներով սկսել է նախապատրաստվել առաջիկա ընտրություններին: Մասնավորապես, Հայրապետյանը մտադիր է ՀՖՖ-ի անդամությունից զրկել այն ակումբներին և կազմակերպություններին, որոնք կարող իրեն դեմ քվեարկել: Արդեն իսկ կոմիտեն քննարկել է ՀՖՖ-ի անդամների՝ «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» ՖԱ ՀԿ-ի, «Արմավիր» ՖԱ ՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան» ՖԱ ՀԿ-ի, «Հայ-Արի» ՖԱ ՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք» ՖԱ ՀԿ-ի և «Զվարթնոց ՀԱՈՒ ՖԱ» և «Շիրակ» ակումբի ՀՖՖ անդամությունը դադարեցնելու հարցը և առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում:
ՀՖՖ-ի հերթական՝ 16-րդ ժողովը տեղի է ունենալու հունիսի 30-ին՝ Սևանում: Վերը թվարկված ակումբների փոխարեն Հայրապետյանը մտադիր է ՀՖՖ-ի անդամ դարձնել միանգամից 12 նոր կազմակերպությունների՝ 1) «Գյումրու Ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ, 2) «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ, 3) «Վ. Սարգսյանի անվ. Հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ, 4) «ՖԱ Արարատ» ՀՁ ՓԲԸ, 5) «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ, 6) «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստներ համերաշխություն» ՀԿ, 7) «Էրեբունի սպորտային ակումբ» ՀԿ, 8) «Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա» ՀԿ, 9) «ՖԱ Արցախ» ՀԿ, 10) «Արարատ-Արմենիա» ՖԱ ԲԲԸ, 11) «Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամ», 12) «Զվարթնոց ՖԱ»:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ թվարկվածներից «Նորացված Փյունիկի» նախագահը Հայրապետյանի որդին է՝ Ռաֆիկ Հայրապետյանը: Այս կազմակերպությունն իրավաբանական գրանցում է ստացել ՀՖՖ նախագահի ընտրություններին մասնակցելու նպատակով: «Վ. Սարգսյանի անվ. Հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ-ի նախագահն էլ Հայրապետյանի մտերիմներից է: «Տեխնիկական կենտրոն ակադեմիա»-ն, որը հայտնի է որպես Ավանի Ակադեմիա, ևս Ռուբեն Հայրապետյանինն է:
Արդեն իսկ նշել էինք, որ մեր տեղեկություններով՝ նշված ակումբներից Հայրապետյանի օգտին չեն քվեարկելու միայն «Արարատն» ու «Արցախը»: Ինչ է ստացվում. եթե հունիսի 30-ին ՀՖՖ-ն այնուամենայնիվ անդամությունից զրկի անցանկալի ակումբներին և նրանց փոխարեն ֆուտբոլային կառույցի կազմում ընդգրկի «Նորացված Փյունիկներին», ապա գալիք ընտրություններն այլևս լեգիտիմ չեն լինի: «Շիրակին» և մյուս ակումբներին ձայնի իրավունքից զրկելը ոչ այլ ինչ է, քան «բեսպրեդել»:
Նիկոլ Փաշինյանը երեկ հորդորեց ՀՖՖ անդամ կազմակերպություններին զբաղվել առաջիկա ընտրությունների հարցով: Իսկ զբաղվել նշանակում է թույլ չտալ հայկական ֆուտբոլը ոտնատակ արած անձին վերարտադրվել պաշտոնում: Ստեղծված իրավիճակում իրենց խոսքը պետք է ասեն նաև երկրպագուները, որոնք Հայրապետյանի «ջանքերով» զրկվել են ֆուտբոլը վայելելու և ֆուտբոլով ապրելու հնարավորությունից:
Եկել է հայկական ֆուտբոլը ազատագրելու ժամանակը: Ազգային հավաքականի խաղերին «Հայաստան» վանկարկելով՝ մենք մեր հավաքականին ամենևին չենք օգնում: Հայաստանի հավաքականը պետք է դառնա նոր Հայաստանի հավաքական, որը կլինի մարտունակ և չի խայտառակի մեր երկիրը: Հակառակ պարագայում որքան էլ գոռանք՝ Հայաստան, միևնույն է՝ Հայաստանը պարտվելու է, քանզի այդ Հայաստանի ետևում կանգնած է Ռուբեն Հայրապետյանը: