TASS-ի փոխանցմամբ՝ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության մշակմանն ուղղված ՆԱՏՕ-ի զորավարժությունները հաջողությամբ ավարտվել են Կանադայի Ալբերտա նահանգում: Այս մասին ասված է Կանադայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Precise Response կոդային անվանմամբ զորավարժությունների ընթացքում ՆԱՏՕ-ի մասնագետները մշակել են տարբեր արտակարգ իրավիճակներին և զանգվածային ոչնչացման զենքերի կիրառմամբ (քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ, միջուկային և պայթուցիկ նյութերով) ահաբեկչական հարձակումներին արձագանքելու հնարավոր սցենարներ:
«Precise Response-ի մասնակիցները մշակել են համատեղ գործողության հմտություններ իրականին մոտ պայմաններում, մասնավորապես՝ հասարակական վայրերում ահաբեկչությունների ժամանակ՝ ինչպես, օրինակ, օդանավակայաններում, ավտոբուսներում կամ ռեստորաններում»,- պարզաբանել են գերատեսչությունում:
Հուլիսի 11-ին սկսված զորավարժություններին մասնակցել են ավելի քան 350 զինծառայողներ 11 երկրներից: