Վրացական Apsny.ge կայքի հաղորդմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է երկրի խորհրդարանին` չեղյալ հայտարարելու երկրի տարածքով ռուսական ռազմական բեռների ու անձնակազմի փոխադրման մասին 2006 թվականի մարտի 31-ին կնքված ռուս-վրացական համաձայնագիրը: Հիշեցնենք, որ վրացական խորհրդարանն այդ համաձայնագիրը վավերացրել է 2006 թվականի ապրիլին:
Այժմ վրացական խորհրդարանում կարծիքներ են հնչում, որ այդ պայմանագրի ժամկետն արդեն ավարտվել է, և գոյութուն ունեցող իրավիճակում անիմաստ է դարձել դրա երկարաձգումը:
Նշվում է, որ վրացական խորհրդարանը հիշյալ հարցը քննարկելու է այս շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի խորհրդարանը 80 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայներով վավերացրեց երկրի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետների երկարաձգման (25-ից 49 տարի) մասին արձանագրությունը։