«Հարավային գազային միջանցքի» ստեղծումը Եվրոպական միությանհամար շատ կարևոր է Միջերկրածովյան երկրներում գազի մատակարարումն ապահովելու տեսակետից: Այս մասին գրում է Trend-ը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի էներգետիկ միության փոխնախագահ Մարոշ Շևչովիչին:
«Եվրամիության համար կարևոր է գազի աղբյուրների դիվերսիֆիկացման հարցը: Մենք ուսումնասիրում ենք բոլոր հնարավորությունները։ Անցյալ շաբաթ Միջերկրական տարածաշրջանի ներկայացուցիչները ուսումնասիրել են LNG տարածաշրջանային տերմինալի ստեղծման և այդ տարածաշրջան հումքի մատակարարման հարցը»,- ասել է նա:
Շևչովիչը նշել է, որ Եվրոպան շահագրգռված է LNG տերմինալների ստեղծման հարցում` ամբողջ Եվրոպայում գազի ազատ մատակարարումն ապահովելու համար:
Փոխնախագահը հայտնել է նաև, որ նոյեմբերի 27-ին Էստոնիայի և Ֆրանսիայի վարչապետները համաձայնագիր կստորագրեն Հյուսիսային Եվրոպայում համատեղ LNG տարածաշրջանային տերմինալ ստեղծելու մասին: