Երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում կայացել է նախարարական հանդիպում Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի (ՊԾԱԵՀԽ) անդամ պետությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են տարածաշրջանային հրատապ հարցեր։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
ՊԾԱԵՀԽ-ում նախագահող Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար` արքայազն Սաուդ Ալ-Ֆեյսալը ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ կտրուկ արտահայտություններ է արել Սիրիայի հասցեին։ Նա ասել է, որ ամեն քայլի պետք է դիմել Սիրիայում սպանդին վերջ տալու համար։ «Զենքի մատակարարման հոսքը, որն ուղղվում է Սիրիայի ռեժիմին, անկախ դրա մատակարարման աղբյուրներից, պետք է դադարեցվի։ Մենք պետք է ցույց տանք այս ռեժիմին, որ նրա կոշտ գործողությունները աջակցություն չեն ստանում միջազգային հանրության կողմից»,- ասել է Ալ-Ֆեյսալը։
Նա նշել է, որ Սիրիայի իշխանություններին պետք է ստիպել կատարելու Անանի ծրագիրը, այլապես Էր-Ռիյադը ստիպված կլինի դիմել ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխին, որը թույլ է տալիս ստիպել հակամարտող կողմին կատարելու միջազգային հանրության պահանջները։ Սակայն արքայազնը չի մանրամասնել, թե ինչ մեխանիզմներով է իրականացվելու Սիրիայի ռեժիմին ստիպողական գործողությունների դիմելու գործընթացը։










































