Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ մեկնարկել են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները։
Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը հեղինակային խմբի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ շրջել է տարածքում, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Նա կարևորել է աշխատանքների բարձր որակով, պատշաճ և սահմանված ժամկետներում իրականացումը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները պահանջում են առանձնահատուկ պատասխանատվություն:
Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգումը. զուգահեռաբար կմեկնարկեն նաև թանգարանային հատվածի նորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքների ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։








































