Goal.com-ի տեղեկությունների համաձայն` Արգենտինայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Գաբրիել Միլիտոն հայտարարել է, որ «Ինդեպենդենտե»-ի կազմում ևս 2 խաղ անցկացնելուց հետո կավարտի կարիերան: Պատճառը ծնկի խրոնիկական վնասվածքն է: 31-ամյա Միլիտոն խոստովանել է, որ այլևս չի կարող իր թիմին օգտակար լինել: Վերջին հանդիպումը ֆուտբոլիստը կանցկացնի հունիսի 24-ին. Արգենտինայի առաջնության վերջին տուրի շրջանակներում «Ինդեպենդենտե»-ն կհանդիպի «Տիգրե»-ին:
Միլիտոն արգենտինական թիմի կազմում է սկսել իր կարիերան, այնուհետև տեղափոխվել է իսպանական «Սարագոսա»: 2007 թվականին պաշտպանի իրավունքները գնել է «Բարսելոնա»-ն, որի կազմում ֆուտբոլիստը 75 հանդիպում է անցկացրել և 2գոլ հեղինակել: Կատալոնացիների թիմում նա 3 անգամ Իսպանիայի առաջնության հաղթող է դարձել, 2 անգամ՝ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր:
2011 թվականին Միլիտոն կրկին արգենտինական ակումբ է վերադարձել: Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստն իր ակտիվում 14 տիտղոս է գրանցել: Արգենտինայի ընտրանու կազմում պաշտպանը 42 հանդիպում է անցկացրել և 1 գոլ հեղինակել: Միլիտոյի ավագ եղբայրը` Դիեգոն, հանդես է գալիս Միլանի «Ինտեր»-ի կազմում:










































