Իտալիայի առաջնության 23-րդ տուրը մեկնարկեց «Միլան»-«Լացիո» խաղով: Մրցաշարային աղյուսակի առաջատարը «Սան Սիրո» մարզադաշտում ընդունեց երրորդ տեղում ընթացող «Լացիո»-ին և չկարողացավ հաղթել:
Եթե առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում և թիմերից ոչ մեկը լուրջ սպառնալիք չստեղծեց մրցակցի դարպասի մոտ, ապա երկրորդ խաղակեսն անցավ միլանցիների բացահայտ առավելությամբ:
50-րդ րոպեից սկսած Ալեգրիի սաները մեկը մյուսի հետևից սուր գրոհներ էին կազմակերպում:
Աչքի ընկնելու հնարավորություններ ունեին Ֆլամինին, Ռոբինյոն, Էմանուելսոնը, բայց ամեն անգամ կամ հրաշալի էր գործում հյուրերի դարպասապահ Մուսլերան, կամ գնդակն աննշան շեղությամբ ընթանում էր դարպասաձողի կողքով:
Դե իսկ այն, ինչ կատարվեց Իբրահիմովիչի հարվածից հետո, կարելի է չմեկնաբանել. շվեդ ռմբարկուի մոտ 20 մետրից կատարած հարվածը սկզբում դիպավ մեկ դարպասաձողին, այնուհետև դարպասային գծի վրայով ընթացավ դեպի մյուս դարպասաձողը և այդպես էլ չհայտնվեց ցանցում:
Ինչևէ, «Լացիո»-ն մեկ միավոր կորզեց:
23-րդ տուրի ևս 8 հանդիպումներ կկայանան այսօր, իսկ «Բարի»-«Ինտեր» խաղը կկայանա հինգշաբթի օրը:








































