«Nvidia» ընկերությունը ներկայացրել է «RTX Spark PC» անվանումով նոր չիպը, որն արհեստական բանականության (AI) հնարավորություններն ուղղակիորեն տեղափոխում է նոթբուքերի և անհատական համակարգիչների մեջ։
Ինչպես հայտնում է «Reuters» գործակալությունը, «Nvidia»-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը Թայվանում ընթացող «Computex» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում հայտարարել է, որ նոր չիպը մշակվել է «Microsoft»-ի և թայվանական «MediaTek»-ի հետ համատեղ՝ նպատակ ունենալով «վերափոխել համակարգիչների դարաշրջանը»:
Չիպի առանձնահատկությունն այն է, որ այն թույլ է տալիս AI գործակալներին աշխատել տեղային մակարդակով՝ առանց բացառապես ամպային տեխնոլոգիաներին (cloud computing) ապավինելու, ինչը, ըստ փորձագետների, կհեղափոխի օգտատերերի փոխգործակցությունը համակարգիչների հետ: Նորույթը շուկայում հասանելի կլինի արդեն այս աշնանը:
Բացի այդ, 5 տրիլիոն դոլար կապիտալիզացիա ունեցող ընկերության ղեկավարը ներկայացրել է նաև «Vera» կենտրոնական պրոցեսորը (CPU), որի վաղ օգտագործողների թվում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են «OpenAI»-ը, «Anthropic»-ը և «SpaceX»-ը:
Հուանգի խոսքով՝ այս պրոցեսորը ընկերության աճի նոր գլխավոր շարժիչն է դառնալու՝ բացելով 200 միլիարդ դոլարանոց նոր շուկա։ Միևնույն ժամանակ, նա «կատարյալ հիմարություն» է անվանել այն մտահոգությունները, թե AI-ը կրճատելու է ծրագրավորողների աշխատատեղերը՝ պնդելով, որ տեխնոլոգիան ընդհակառակը՝ բարձրացնում է արտադրողականությունը և հանգեցնում նոր կադրերի հավաքագրման։









































