«Mercedes» ավտոկոնցեռնը կարող է բախվել ԱՄՆ-ում ավտոմեքենաների արտադրության, ներկրման և վաճառքի արգելքի՝ չինացի բաժնետերերի պատճառով։
Ինչպես հայտնում է «BILD» պարբերականը, ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում են օրինագծեր, որոնք նախատեսում են սահմանափակել «թշնամական պետությունների» (ներառյալ Չինաստանը, Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն) ազդեցությունը ամերիկյան շուկայի վրա։
Ըստ նախագծի՝ արգելքի տակ կարող են հայտնվել այն արտադրողները, որոնցում նման երկրների բաժնեմասը գերազանցում է 15 տոկոսը։
«Mercedes»-ը հայտնվել է ռիսկային գոտում, քանի որ չինական «BAIC Group»-ին և «Geely»-ի հիմնադիր Լի Շուֆուին միասին պատկանում է ընկերության բաժնետոմսերի գրեթե 20 տոկոսը։
Փորձագետները հնարավոր արգելքը որակում են որպես «աղետ» կոնցեռնի համար, իսկ «Mercedes»-ից հայտնել են, որ հետևում են իրավիճակին և կապի մեջ են քաղաքական շրջանակների հետ։









































