Ադրբեջանը հերքել է ամերիկյան CNN հեռուստաընկերության հրապարակման մեջ տեղ գտած պնդումները, թե իր տարածքն օգտագործվել է Իրանի դեմ ռազմական կամ հետախուզական գործողությունների համար, և պահանջել է հերքել հրապարակված տեղեկությունը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
«Ադրբեջանական կողմը բազմիցս հերքել է նման պնդումները։ Մեր դիրքորոշումը նախապես պաշտոնապես փոխանցվել էր CNN-ի խմբագրությանը՝ համապատասխան հարցմանն ի պատասխան։ Նման անհիմն և չհաստատված պնդումները ապատեղեկատվության հերթական փորձն են», – նշել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ Բաքուն ակնկալում է, որ CNN-ը կհերքի հոդվածը, որը, Ադրբեջանի ԱԳՆ-ի գնահատմամբ, պարունակում է չհիմնավորված պնդումներ։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է, որ երկրի տարածքը չի օգտագործվում որևէ պետության դեմ ռազմական կամ հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով։






































