Ferrari-ի առաջին ամբողջովին էլեկտրական մեքենայի՝ Luce EV-ի («Լույս») ներկայացումը լուրջ հակազդեցություն է առաջացրել ինչպես ապրանքանիշի երկրպագուների, այնպես էլ որոշ նախկին ղեկավարների շրջանում։ Ferrari-ի շատ երկրպագուներ ընկերության մեքենաները համարում են ոչ միայն տրանսպորտային միջոց, այլև արվեստի գործ, ուստի նոր մոդելի տեսքն ու բնույթը նրանց մոտ հիասթափություն են առաջացրել։ Հատկապես քննադատության է ենթարկվել Luce EV-ի դիզայնը։ Իտալական Passione Rossa ակումբի նախագահ Ֆաբիո Բարոնեն հայտարարել է, որ ինքը դեմ չէ էլեկտրական ապագային, սակայն նոր մոդելի արտաքին տեսքը, նրա խոսքով, չի համապատասխանում Ferrari-ի ավանդույթներին։ Սոցիալական ցանցերում մեքենան համեմատել են ռոբոտ-փոշեկուլի, Crocs կոշիկների և Fiat Multipla-ի հետ։
Քննադատություններին միացել են նաև հայտնի դեմքեր։ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին կատակով ակնարկել է, թե Էնցո Ֆերարին դժվար թե հավաներ այս մեքենան, իսկ Ferrari-ի նախկին գործադիր տնօրեն Լուկա դի Մոնտեզեմոլոն հայտարարել է, որ Luce EV-ն չպետք է կրի Ferrari-ի խորհրդանշական «պարող ձիու» տարբերանշանը։ Նոր մոդելի շնորհանդեսից հետո շուկան նույնպես արձագանքել է. Ferrari-ի բաժնետոմսերը Միլանի բորսայում նվազել են 8,4 տոկոսով, իսկ ԱՄՆ-ում՝ 5,3 տոկոսով։ Ընկերությունը նախատեսում է արտադրել սահմանափակ քանակությամբ մեքենաներ՝ նպատակ ունենալով գրավել նոր սերնդի ապահովված գնորդներին։










































