Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) հեղաշրջման ու հուշագրերի հանձնաժողովը հետազոտելու է նաև 2007 թվականի ապրիլի 27-ի գլխավոր շտաբի հուշագիրը: Այս մասին հայտարարել է տվյալ հանձնաժողովի խոսնակ և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Իդրիս Շահինը:
Վերջինս մանրամասնել է, որ ապրիլի 27-ի հուշագրի հետազոտմամբ զբաղվելու է հանձնաժողովի՝ 1997 թվականի փետրվարի 28-ի հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման հետազոտմամբ զբաղվող ենթահանձնաժողովը:
Հիշեցնենք, որ ներկայումս ԹԱՄԺ-ի հեղաշրջման ու հուշագրերի հանձնաժողովում ստեղծվել են երեք ենթահանձնաժողովներ, որոնք հետազոտելու են Թուրքիայի Հանրապետությունում իրականացված հեղաշրջումները:
Դրանցից առաջինը հետազոտելու է 1960 թվականի մայիսի 27-ին և 1971 թվականի մարտի 12-ին (հուշագիր) իրականացված զինվորական հեղաշրջումները, երկրորդը՝ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին ԹՀ պատմության ընթացքում իրականացված ամենաարյունալի զինվորական հեղաշրջումը, իսկ երրորդը՝ 1997 թվականի փետրվարի 28-ի հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջումը: Թուրքական ընդդիմությունը պահանջում էր, որ հետազոտվի նաև 2007 թվականի ապրիլի 27-ի հուշագրի գործը:
Այս ենթահանձնաժողովները հետազոտելու են այդ հեղաշրջումների ու հուշագրերի ազդեցության քաղաքական, տնտեսական, սոցիալ-իրավական, հոգեբանական, պատմական, մշակութային ու մեդիա կողմերը: