Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խայտառակություն է համարել «Ալիանս-Արենա»-ում գողացված «Ռեալ»-ի ֆուտբոլիստների 6 զույգ խաղակոշիկների փաստը:
«Դա ուղղակի խայտառակություն է, որը ոչ մի դեպքում չի կարող պատահել «Սանտյագո Բերնաբեո»-ում», – ասել է Մոուրինյոն, այնուհետև անդրադառնալով խաղի ընթացքին հավելել է, որ 2:1 հաշիվը այն չէ, ինչ նա սպասում էր այդ հանդիպումից:
«Մենք լավ հանդիպում անցկացրինք, սակայն հանդիպման հաշիվը մեր օգտին չէ: Մրցավարը չնկատեց խաղից դուրս իրավիճակը, որը կարծում եմ բացահայտ երևաց: Մրցավարների ջանքերի մասին լավ գիտի Պեպ Գվարդիոլան, որը հիանալի պատկերացնում է, թե ինչպես է իր ակումբը հաղթել բազմաթիվ հանդիպումներ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկություններում», – Marca-ն մեջբերել է Մոուրինյոյի խոսքը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա» – «Ռեալ» դիմակայության առաջին հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:1 հաշվով, սակայն «Բավարիա»-ի առաջին գնդակը Մոուրինյոյի կարծիքով խփվեց խաղից դուրս իրավիճակի պայմաններում, իսկ հանդիպման մեկնարկից առաջ «Ալիանս-Արենա»-ի հանդերձարանից կորել էին մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների 6 զույգ խաղակոշիկներ:






































