Reuters-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթներից, մինչդեռ ներդրողները հսկայական կորուստներ են կրել։
«Գրեթե ռիսկի չենթարկելով սեփական միջոցները՝ ԱՄՆ նախագահն ու նրա որդիները իրենց հիմնական կրիպտոնախագծերի շնորհիվ ընտանեկան կարողությանն ավելացրել են առնվազն $2,3 միլիարդ, մինչդեռ իրենց կողմից ներգրավված ներդրողները $2,3 միլիարդի վնաս են կրել»,- պարզել է Reuters-ի հետաքննությունը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2025 թվականի հունվարին, երբ կրիպտոմոլուցքը մոլեգնում էր, իսկ Դոնալդ Թրամփը պատրաստվում էր վերադառնալ Սպիտակ տուն, ներդրվել է «$TRUMP» մեմ-քոյնը։ Սակայն, որոշ ժամանակ անց գինը գահավիժել է։
««$TRUMP» մեմ-քոյնը Թրամփի ընտանիքի կրիպտոարժութային չորս նախագծերից մեկն է, որը Թրամփների համար վերածվել է ֆինանսական ջեքփոթի, իսկ գնորդների համար շատ վատ խաղադրույքի։ Չնայած դրանք տարբերվում են իրենց չափերով և կառուցվածքով, այս ձեռնարկումներից յուրաքանչյուրը գործել է նույն սցենարով։ Թրամփները սկզբում գրեթե ոչ մի ռիսկի չեն դիմել։ Ընտանիքի անդամները՝ հատկապես նախագահի ավագ որդիները՝ Էրիկ Թրամփը և Դոնալդ Թրամփ կրտսերը, գովազդել են նախագիծը։ Թրամփները մեծ գումարներ են դիզել, երբ ներդրողները հոսել են դեպի շուկա։ Իսկ այդ գնորդները մեծ կորուստներ են կրել, երբ տարբեր պատճառներով Թրամփի հետ կապված կրիպտոակտիվների գները հետագայում անկում են ապրել»,- գրում է կայքը։
Reuters-ի հետաքննությունը ցույց է տալիս, որ Թրամփի ընտանիքն օգտագործել է այս մոդելը՝ նախագահի պաշտոնը Թրամփի կողմից կրկին ստանձնելուց ի վեր ներդրողներից առնվազն $2,3 միլիարդի շահույթ կորզելու համար։ Ամերիկայի առաջին ընտանիքի այս ֆինանսական հաջողության հակառակ կողմում ավելի քան մեկ միլիոն ներդրողներն են, որոնց զուտ կորուստները ապրիլի վերջին կազմել են $2,3 միլիարդ՝ համաձայն Reuters-ի վերլուծության։ Այդ ներդրողների թվում են ինչպես կրիպտոարժույթի և կրիպտոյի հետ կապված բաժնետոմսերի մանրածախ գնորդները, այնպես էլ նրանք, ովքեր անուղղակիորեն ներդրումներ են կատարել ֆոնդերի (օրինակ՝ ETF-ների) միջոցով, որոնք կապված են Թրամփի կրիպտոպրոյեկտների հետ։ Կորուստների ընդհանուր գումարը ներառում է նաև չվաճառված ներդրումների թղթային (չիրացված) կորուստները։







































