Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից հետո Ռուսաստանի անվտանգության ծառայություններն անջատել են Վլադիմիր Պուտինին և նրա մերձավորներին պաշտպանող հատուկ տեսահսկման համակարգի մի մասը։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այս քայլին դիմել են այն բանից հետո, երբ պարզվել է, որ իսրայելական հետախուզությունը Թեհրանի ճանապարհային տեսախցիկների տվյալների միջոցով է ճշգրիտ տեղորոշել Խամենեիի գտնվելու վայրը:
Ռուսական հատուկ տեսախցիկները վերագործարկվել են միայն համակարգն ինտերնետից առավելագույնս մեկուսացնելուց և ստուգելուց հետո։
ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ավելի վաղ զգուշացրել էր, որ տեսահսկման լայնածավալ համակարգերը դարձել են խոցելի, քանի որ արհեստական բանականության զարգացումը արտասահմանյան հետախուզություններին թույլ է տալիս տեքստային հարցումներով վերլուծել հսկայական տեսանյութեր և նույնականացնել թիրախների վարքագիծը:
Չնայած Մոսկվայի ձեռնարկած միջոցներին՝ ուկրաինացի հաքերներից մեկը FT-ին հայտնել է, որ Կրեմլի մերձակայքի տեսախցիկները դեռևս պարբերաբար կոտրվում են:








































