«Այսօր քաղաքական մթնոլորտը Հայաստանում ավելի ազատ է, լիբերալ: Այս հանգամանքը ես շատ դրական եմ գնահատում, քանի որ միմյանց նկատմամբ այլևս չկա բռնություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Ըստ քաղաքագետի՝ շատ կարևոր է այն, որ այսօր եթերային ժամը հավասարաչափ է բաշխվում: «Եթե նախկինում, օրինակ, 2 րոպե ուներ ընդդիմությունը, ապա 10 րոպե ուներ իշխանությունը: Կարծում եմ՝ սա արդեն մեծ բան է։ Սակայն այսօր մարդիկ իրենց անհրաժեշտ ինֆորմացիայի մեծ մասը ստանում են ինտերնետից, այսինքն՝ պակասել է հեռուստատեսության ազդեցությունը, ինչը ևս դրական քայլ է, քանի որ հեռուստատեսությունը այնքան էլ ազատ չէ»:
Բանախոսի խոսքերով՝ թեև դրական առաջընթաց կա, բայց, այնուամենայնիվ, պետք է հետևել յուրաքանչյուր քայլին՝ սխալներ թույլ չտալու համար։
«Մենք բոլորս շահագրգռված ենք, որ լինեն նորմալ ընտրություններ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը առաջնորդվեն տրամաբանորեն»:
Գրիգորյանի խոսքերով՝ բոլոր ընտրություններին ինքը ունեցել է հստակ կողմնորոշում, սակայն այսօր դեռևս կողմնորոշված չէ. «Մի քանի կուսակցություններ ինձ ապակողմնորոշեցին, ուժը գալիս է ու ասում՝ ընդդիմադիր եմ, բայց իր ասածը ցուցակներին չի համապատասխանում։ Շատ բան ինձ համար կորոշվի ընտրարշավի ժամանակ, այդ իսկ պատճառով էլ կուսակցությունները պետք է ակտիվորեն քարոզեն, իսկ մարդիկ ուշադիր հետևեն, պետք է խոսքը համապատասխանի գործին, մինչդեռ այսօր կան հակասություններ»։
Որպես ամփոփում՝ քաղաքագետն ասաց. «Հայաստանի համար լուրջ խնդիր կառաջանա այն ժամանակ, երբ կհաստատվի միակուսակցական համակարգ՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխող կուսակցությունը: Իշխանությունները դա շատ լավ գիտակցում են, իսկ դրական տեղաշարժերը ես կապում եմ նախագահի քաղաքական կամքի հետ»:









































