The Guardian պարբերականին տված հարցազրույցում ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Թոմ Հեննինգ Էվրեբեն հայտարարել է, որ մինչ այսօր սպառնալիքներ պարունակող նամակներ է ստանում «Չելսի»-ի երկրպագուներից: Նամակները կապված են Չեմպիոնների Լիգայի գավաթի 2008/09 մրցաշրջանի կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում տեղի ունեցած «Չելսի» – «Բարսելոնա» պատասխան հանդիպման հետ, որի գլխավոր մրցավարն էր Էվրեբեն:
«Ես մինչ օրս ամեն տարի ստանում եմ 3-ից 4 սպառնալիքներ պարունակող նամակներ «Չելսի»-ի երկրպագուներից: Չեմ ցանկանում անհանգստություն պատճառել իմ ընտանիքի անդամներին և նրանց ցույց չեմ տալիս այդ նամակները:
Այժմ հիշելով այդ հանդիպումը՝ պետք է փաստեմ, որ որոշ դրվագներում այլ որոշումներ կկայացնեի: Ես չեմ կարող զղջալ մի բանի համար ինչ արդեն եղել է: Կյանքը շարունակվում է», – ասել է Էվրեբեն:
Հիշեցնենք, որ այդ հանդիպման ժամանակ Էվրեբեն մասնագետների կարծիքով չի նշանակել 3 11մետրանոց հարվածներ, երբ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները բացահայտ կերպով խախտել են խաղի կանոնները «Չելսի»-ի խաղացողների հետ պայքարում:







































