Այս օրերին Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը գտնվում է լեհական Վրոցլավ քաղաքում և հնարավոր է, որ շուտով պայմանգիր կնքի տեղական «Շլենսկ» ակումբի հետ: Երեկ լեհական ակումբը երկրորդ կազմով ընկերական հանդիպում անցկացրեց չեխական C դիվիզիոնը ներկայացնող «Նաչոդ»-ի հետ և պարտվեց 2:3 հաշվով: Այդ խաղում «Շլենսկ»-ի գլխավոր մարզիչ Լուկաշ Բեշելին փորձարկեց մի քանի նոր խաղացողների, որոնց թվում էր նաև Ռոբերտ Արզումանյանը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դաշտ դուրս եկավ թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց 66-րդ րոպեին:
Լեհական ակումբի պաշտոնական կայքի տվյալներով` մարզիչն ընդհանուր առմամբ հավանել է Արզումանյանի խաղը, բայց իր վերջնական կարծիքը կհայտնի ևս երկու հանդիպումներում նրա խաղը դիտելուց հետո:
Նշենք, որ «Շլենսկ» ակումբը հիմնադրվել է 1947 թվականին` երկու ռազմական դպրոցների միաձուլման արդյունքում, որտեղից էլ գալիս է թիմի կեղծանունը` «զինվորականներ»: Թիմը երկու անգամ նվաճել է Լեհաստանի գավաթը, (1976, 1987թ.) մեկ անգամ էլ հաղթող է ճանաչվել առաջնությունում (1977թ.):