Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը խոսեց Եվրոպայի առաջնության ժամանակ Ռոման Ամոյանի` ադրբեջանցի մարզիկ Ալիևի հետ գոտեմարտում մրցավարի կողմնակալ գործողությունների մասին և նշեց, որ FILA-ն վերջինիս արդեն պատժել է:
«Ասեմ, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 41 երկրների հավաքականներ, իսկ մենք թիմային հաշվարկով զբաղեցրել ենք 5-րդ տեղը:
Ամոյան-Ալիև գոտեմարտը շատ տհաճ երևույթ էր: Դա կարծես փողոցային կռիվ լիներ: Մրցավարները պետք է պատժեն նման ըմբիշին:
Հաշվի առնելով գոտեմարտի ընթացքը` հաղթանակը պետք է շնորհվեր Ռոմանին, բայց եղավ հակառակը: Մրցավարն ինձ չթույլատրեց բողոքարկել, սակայն դրա իրավունքը չուներ: Պատմությունը կրկնվեց նաև ադրբեջանցու հաջորդ հակառակորդների հետ տեղի ունեցած մենամարտերի դեպքում, և նա չեմպիոն դարձավ: Այդ գոտեմարտից հետո FILA-ն պատժեց այդ մրցավարին»: