Այսօր` մարտի 5-ին, ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:
– Ինչու՞ Հայաստանի հավաքականը Սերբիայի ընտրանու հետ խաղաց ուժեղ, իսկ Կանադայի ընտրանու հետ` թույլ կազմով:
-Ընկերական խաղերը մի քանի նպատակ ունեին. ցանկանում էինք գործի մեջ տեսնել խաղացողների ողջ ռեզերվը, քանի որ մեր հավաքականը կայացման փուլում է: Բարձրացավ նաև խաղացողների խաղակցվածության մակարդակը: Բացի այդ, Կանադայի հավաքականի հետ խաղը վարկանիշային էր: Նշեմ նաև, որ լեգեոներներին պաշտոնական ընկերական խաղերից առաջ իրենց հավաքականներ թողնում են խաղից 48 ժամ առաջ, և ես ցանկանում էի նրանց ավելի երկար հանգիստ տալ:
-Ի՞նչ տպավորություն ունեք Կիպրոսի հավաքի ժամանակ հավաքականի ելույթներից:
-Հավաքը ծառայեց իր նպատակին և ստացա անհրաժեշտ բոլոր հարցերի պատասխանները: Հրավիրված խաղացողներից բացակայում էր միայն Նորայր Մամեդովը: Նա վնասվածքից նոր էր վերականգնվել, բայց շատ ուրախ էր, որ հավաքականից հրավեր է ստացել: Ապրիլին պետք է հետևեմ նրա ելույթներին: Վնասվածք ուներ նաև Զավեն Բադոյանը: Կարող եմ ասել, որ հավաքականում մրցակցությունը շատ մեծ է:
-Կխոսե՞ք առաջիկա ծրագրերից:
-Առաջիկա ընկերական խաղերի ժամանակ փորձարկելու ենք մարտավարական մի քանի սխեմաներ, քանի որ աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր հակառակորդները տարբեր խաղաոճեր ունեն: Առաջիկա երեք ընկերական հանդիպումները տեղի կունենան մայիսի 30-ին, հունիսի 5-ին, իսկ երրորդ խաղը` օգոստոսին:
-Արազ Օզբիլիսի նորամուտն ինչպե՞ս կգնահատեք:
-Օզբիլիսը հեշտ մերվեց կոլեկտիվին, քանի որ լավ ընդունելության արժանացավ: Նա շատ պոզիտիվ մարդ է և մեծ պոտենցիալ ունի:
-Ի՞նչ կարծիքի եք դարպասապահների մասին:
-Այդ խնդիրը դեռ կա, սակայն ունենք դարպասապահների ցուցակ, որոնց հետևում ենք:
-Մելիքսեթյանի մասին ի՞նչ կարծիք ունեք:
-Չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին: Ցանկանում եմ ասել, որ ես ունեմ ֆուտբոլիստների ընտրության 3 չափանիշներ. առաջինը ֆուտբոլիստի խաղամակարդակն է, երկրորդը` հավաքականի խաղաոճին տվյալ ֆուտբոլիստի համապատասխանությունը, երրորդը, որն ամենակարևորն է` հայրենասիրությունը: Այժմ չկա հայազգի ֆուտբոլիստ, որը դուրս է մնում մեր տեսադաշտից:






































