Գյումրիի «Շիրակ»-ի կազմում փորձաշրջան է անցնում իվուարցի հարձակվող Ֆուֆանա Բեկոն: Այսօր մարզումից հետ ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում Բեկոն խոսեց հավաքից և պատմեց իր անցած ուղու մասին:
– Ինչպե՞ս ես քեզ զգում թիմում:
– Թիմում ամեն ինչ դուր է գալիս ինձ: Այստեղ կարծես ընտանիքում լինեմ: Տղաները բոլորը պրոֆեսիոնալ են: Ես թիմի հետ անցկացնում եմ երկրորդ ուսումնամարզական հավաքը և մենք արդեն սկսել ենք միմյանց շատ լավ հասկանալ: Շատ լավ է ստացվում համագործակցությունը մյուս երկու հարձակվողների հետ: Իհարկե, դեռ կան դրվագներ, որ չեն ստացվում, սակայն կարծում եմ` դա ընդամենը ժամանակի հարց է:
– Իսկ ո՞ր լեզվով ես շփվում տղաների հետ:
– Դե, իհարկե, առայժմ կան բարդություններ շփման մեջ: Ես խոսում եմ ֆրանսերեն, ազատ շփվում եմ Յորոյի, Բորիսի և Ժան-Լուի հետ: Իսկ հայերենն առայժմ շատ բարդ է ինձ համար, դժվար լեզու է, չեմ կարողանում արտաբերել բառերը: Իսկ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, և ես մնամ թիմում, ապա խոստանում եմ սովորել հայերեն (ժպտում է):
– Ցուրտ և ձյունով պատված Հայաստանից եկանք տաք և արևոտ Անթալիա: Դու այստեղ քեզ ավելի լա՞վ ես զգում:
– Այո, այստեղ ես ինձ ինչպես տանն եմ զգում: Հավաքը շատ լավ է ընթանում: Ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Շատ բարդ է ցրտին մարզվելը, խաղալը, հատկապես ձյան վրա: Ես այդպիսի փորձ ունեմ. երկու տարի առաջ խաղացել եմ Նորվեգիայում` «Ֆրեդերիխստար» թիմում:
– Իսկ ընհանրապես քանի՞ թիմում ես խաղացել մինչ «Շիրակ»-ում հայտնվելը:
– Ես սկսել եմ զբաղվել ֆուտբոլով 7 տարեկանից: Սկզբում հանդես եմ եկել «Սիրոկու» թիմում, որը խաղում էր կենտրոնական դիվիզիոնում, այնուհետեւ տեղափոխվել եմ առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ասեք» թիմ:
– Կիրակի օրը Կոտ դ’ Իվուարի հավաքականը դժվարին պայքարում պարտվեց Զամբիային` Աֆրիկայի գավաթի խաղարկությունում…
– Դա իմ ամենատխուր օրն էր: Անսպասելի պարտություն էր, և, իհարկե, Դիդյե Դրոգբայի չխփած 11 մետրանոցը դեռ բոլորս շատ երկար կհիշենք: Ի դեպ, ինչպես և բոլորը ցանկանում են խաղալ իրենց երկրի հավաքականներում, իմ երազանքն է մի օր հայտնվել Կոտ դ’ Իվուարի հավաքականում: Հուսով եմ` դա ինձ շուտով կհաջողվի: