Ռուսական անկախ «Մեդուզա» պարբերականը, հղում անելով Կրեմլին լոյալ խոշոր լրատվամիջոցներից մեկի իր աղբյուրին, հայտնում է, որ ՌԴ նախագահի աշխատակազմը պետական և իշխանամետ մեդիաներին «խորհուրդ է տվել» իրենց նյութերում շեշտել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններում ստացել է 50 տոկոսից պակաս ձայն:
Ըստ աղբյուրի՝ ԶԼՄ-ների աշխատակիցներին ուղիղ հրահանգ է տրվել ընտրությունների արդյունքները մատուցել հենց որպես Փաշինյանի «պարտություն»՝ օգտագործելով հենց այդ բառը:
Բացի այդ, Կրեմլի քաղաքական բլոկը հանձնարարել է առաջ մղել ընտրական խախտումների թեման՝ Փաշինյանի լեգիտիմության նկատմամբ կասկածներ սերմանելու նպատակով:
Այս հրահանգի ֆոնին ռուսական առաջատար հեռուստաալիքներն ու պետական լրատվական գործակալություններն իրենց լրահոսը կառուցել են հենց այդ շեշտադրումներով: «Առաջին ալիքը», «Ռոսիա 1»-ը և «ՆՏՎ»-ն իրենց թողարկումներում առաջնային են հանել այն փաստը, որ իշխող կուսակցությունը չի հատել 50 տոկոսի շեմը, իսկ ընդդիմությունը, չնայած ճնշումներին, հավաքել է մոտ 40 տոկոս:
Պետական «ՌԻԱ Նովոստի» և «ՏԱՍՍ» գործակալությունները նույնպես նյութերը վերնագրել են «Կուսակցությունը չի հավաքել 50%» շեշտադրմամբ, որից հետո կայքերի գլխավոր էջերում առաջնային են դարձել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի և Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունները՝ ընդդիմության նկատմամբ ճնշումների, ձերբակալությունների և դեմոկրատական ընթացակարգերի կոպիտ խախտումների մասին:
Նմանատիպ մոտեցում են ցուցաբերել նաև «Ինտերֆաքսը», «Վեդոմոստին» և «ՌԲԿ»-ն, որոնք իրենց վերնագրերում առաջնային տեղ են հատկացրել Մոսկվայի քննադատական արձագանքներին և 50 տոկոսից ցածր արդյունքին:









































