Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ Լիբանանի ուղղությամբ հարվածներին ի պատասխան Իրանի գրոհներն Իսրայելի վրա «բարոյական, քաղաքական և գործնական նվիրվածության» ուղերձ էին։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Խմբավորումը կոչ է արել Լիբանանի կառավարությանն օգտվել առիթից և «շտկել հարաբերությունները Իրանի հետ»՝ ի շահ երկու երկրների։
Խմբավորումը նաև կոչ է արել Լիբանանի իշխանություններին օգտվել «Իրանի աջակցությունից՝ նպատակներին հասնելու համար»։ «Հեզբոլլահ»-ը նշել է, որ բանակցությունների արդյունքում կլինի «տարածաշրջանային հովանոց»։
«Հեզբոլլահ»-ի կոչը հնչել է այն բանից հետո, երբ Իրանը հուլիսի 7-ին և 8-ին հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ իսրայելական հարձակումների, որոնց ընթացքում թիրախավորվել են շարժման օբյեկտները։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին, որից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են դադարեցնել փոխադարձ գրոհները։
Թեհրանը հայտարարել է, որ կդադարեցնի հարվածները, սակայն միաժամանակ զգուշացրել է, որ կրկին կհարձակվի Իսրայելի վրա, եթե վերջինս շարունակի իր հարձակումները Լիբանանում։ Իր հերթին, Իսրայելը խոստացել է շարունակել գործողությունները Լիբանանում և սպառնացել է ուժգին պատասխան հասցնել, եթե Իրանը կրկին հարձակվի։








































