Հանրապետության նախագահի հանձնարարականով ուսումնասիրվել է համաներման գործընթացը, որի արդյունքում որոշ խախտումներ են հայտնաբերվել:
Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ գլխավոր դատախազության, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից, որի արդյունքում պարզվել է, որ 15 դատապարտյալի նկատմամբ համաներման ակտը չկիրառելը իրավաչափ չի եղել:
15 դատապարտյալ ս.թ. դեկտեմբերի 27-ին համաներման ակտի կիրառման հարցը վերանայելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին:
Վերջինիս հանձնարարականով այդ գործերը վերանայվել են, արդյունքում՝ Ռաֆայել Ջնդոյի Վարդանյանը, Ալիկ Դերենիկի Մկրտչյանը, Վիտալի Վլադիմիրի Առաքելյանը, Խաչատուր Գագիկի Դավոյանը, Էդվարդ Հովհաննեսի Շահնազարյանը, Մհեր Վաչագանի Վարդանյանը ս.թ. դեկտեմբերի 28-ին արդեն պատժի կրումից ազատվել են:
Համաներման ակտը կիրառվել և նշանակված պատիժը համապատասխան չափով կրճատվել է 7 դատապարտյալի նկատմամբ` Արթուր Ռոբերտի Ավալյան, Արթուր Յուրի Մեժլումյան, Եղիա Հակոբի Հովհաննսիյան, Էդգար Անդրանիկի Կարապետյան, Ռուզվելտ Յուրիկի Մարտիրոսյան, Վոլոդյա Արթուրի Մարիկյան, Էդգար Նշանի Մուրադյան:
Եվս 2 դատապարտյալի` Վարդան Սերյոժայի Գեւորգյանի եւ Արթուր Սերգեյի Ջավադյանի նկատմամբ համաներման ակտը կիրառելու համար կատարվել են հարցումներ` վերջիններիս կողմից հանցագործությամբ պատճառված գույքային վնաս չունենալու հանգամանքը ճշտելու կապակցությամբ, իսկ դրական արդյունքների դեպքում նրանց նկատմամբ նշանակված պատիժը համապատասխան չափով կկրճատվի:
ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը ՀՀ Ազգային ժողովն ընդունել է 2011թվականի մայիսի 26-ին:









































