Այսօր առավոտյան Կիևի Олимпийский մարզադաշտի մոտակայքում ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի այցելության ժամանակ հայտնի FEMEN շարժումը հերթական բողոքի ակցիան է իրականացրել: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:
Մարզադաշտի մուտքի մոտ մի քանի մերկ կանայք և աղջիկներ՝ «Եվրո-2012-ն առանց մարմնավաճառության» պաստառներով ՈւԵՖԱ-ի ղեկավարների ներկայությամբ իրենց բողոքն են արտահայտել: Ակցիայի ժամանակ ակտիվիստները նաև ինքնահրկիզման իմիտացիա են արել:
Ինչպես գրված է FEMEN-ի բլոգում` ՈւԵՖԱ-ն սխալ քաղաքականություն է վարում` երկրպագուներին ագրեսիա և ֆանատիզմ քարոզելով: «Եվրոպացի աշխատավոր, ով «Ֆուտբոլ, գարեջուր, սեքս» բանաձևից ավելին չի ընկալում` այսպես են պատկերացնում գերմարդուն ֆուտբոլային չինովնիկները»,- ասվում է բլոգում:
FEMEN-ը ՈւԵՖԱ-ին կոչ է անում երկրպագուների հետ աշխատանքներ տանել` սեքս-տուրիզմի անթույլատրելիության մասին, իսկ Ուկրաինայի ղեկավարությունից պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել մարմնավաճառների ծառայություններից օգտվողներին: Հակառակ պարագայում FEMEN-ը չի երաշխավորում երկրպագուների և անգամ ֆուտբոլային պատվիրակությունների անվտանգությունը:
Նշենք, որ ոստիկանները 4 մերկ աղջիկների բերման են ենթարկել ոստիկանության մոտակա բաժանմունք:





































