ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՖՖ գործկոմի անդամներ Ռ. Հայրապետյանը, Ա. Մինասյանը, Ա. Մանուկյանը, Լ. Հասրաթյանը, Է. Ղազարյանը, Է. Մարգարյանը, Թ. Գրիգորյանը, Կ. Ղազարյանը, Ա. Սահակյանը, Ս. Իսրայելյանը, Տ. Մարգարյանը, Վ. Դալլաքյանը և Կ. Հարությունյանը:
ՀՖՖ գործկոմը քննարկել է ՀՖՖ նախագահի առաջարկը և, հաշվի առնելով դրա դրական և բացասական կողմերը, բացառիկ որոշում է կայացրել՝ վերախաղարկել Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 22-րդ տուրի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 22-րդ տուրի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումն ավարտվել էր տանտերերի հաղթանակով` 1:0: