Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում թե՛ «Ռեալ»-ը, թե՛ «Բարսելոնա»-ն միավորներ կորցրին: Եթե կատալոնացիները ոչ ոքի խաղացին հիմնական մրցակիցներից մեկի` «Վալենսիա»-ի հետ, ապա «Արքայական» ակումբը 2 միավոր կորցրեց համեստ «Ռասինգ»-ի հետ խաղում:
Արդեն երկրորդ խաղն է՝ Մոուրինյոյի սաները չեն կարողանում գրավել մրցակցի դարպասը: Եթե 4-րդ տուրի «Լևանտե»-ի հետ խաղում մադրիդցիները բազմաթիվ վտանգավոր գրոհներ կազմակերպեցին, սակայն այդպես էլ չկարողացան գոլ խփել, ապա «Ռասինգ»-ի հետ խաղում «Ռեալ»-ը լուրջ խնդիրներ ուներ գրոհները կազմակերպելիս: «Ռասինգ»-ի սակավաթիվ հակագրոհներն ավելի վտանգավոր էին: Ինչևէ, մրցակիցներն այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասները: «Ռեալ»-ը երկու խաղում ընդամենը 1 միավոր վաստակեց:
Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Մեստալիա»-ում, որտեղ մրցաշարային աղյուսակի առաջատարներից մեկը` «Վալենսիա»-ն, ընդունեց «Բարսելոնա»-ին: Առաջին խաղակեսում «Չղջիկներ»-ը ոչնչով չէին զիջում «Բարսա»-ն, ավելին` Էմերին հանդգնել էր բաց ֆուտբոլ խաղալ կատալոնացիների դեմ և, ինչպես պարզվեց, չէր սխալվել:
12-րդ րոպեին Էրիկ Աբիդալը գնդակն ուղարկեց սեփական դարպասը, 2 րոպե անց՝ Մեսսիի փոխանցումից հետո, Պեդրոն հավասարեցրեց հաշիվը: 23-րդ րոպեին Էրնանդեսը կրկին առաջ մղեց տանտերերին: Մինչև ընդմիջում «Վալենսիա»-ն ևս մի քանի սրընթաց գրոհ կազմակերպեց, և մի դեպքում գնդակը հրաշքով չհայտնվեց Վալդեսի պաշտպանած դարպասում. Սոլդադոն 1 մետր հեռավորությունից չկարողացավ գրավել դատարկ դարպասը:
Երկրորդ խաղակեսի սկզբից կատալոնացիները տիրեցին նախաձեռնությանն ու գնդակը գրեթե չէին զիջում մրցակցին: 77-րդ րոպեին Ֆաբրեգասը հավասարեցրեց հաշիվը, իսկ մինչ այդ Մեսսին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն կորցրեց: Հանդիպման վերջնամասում միայն Գուաիտայի հրաշալի խաղի շնորհիվ «Վալենսիա»-ին հաջողվեց գոլ չընդունել և մեկ միավոր վաստակել:
Մրցաշարային աղյուսակի մյուս առաջատարը` «Բետիս»-ը, որը միակ թիմն է, որ միավոր չի կորցրել, այսօր կընդունի «Սարագոսա»-ին և հաղթանակի դեպքում կստանձնի միանձնյա առաջատարի դերը:
Տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Օսասունա»-«Սևիլիա»` 0:0:
«Ռեալ Սոսյեդադ»-«Գրանադա»` 1:0:
«Վիլյառեալ»-«Մալյորկա»` 2:0:
«Ատլետիկո Մադրիդ»-«Սպորտինգ»` 4:0:
«Մալագա»-«Ատլետիկ Բիլբաո»` 1:0:
«Ռայո Վալեկանո»-«Լևանտե»` 1:2:
«Էսպանյոլ»-«Խետաֆե» հանդիպումը կկայանա այսօր:




































