Մեծ Բրիտանիան չի նախատեսում ռազմական մեծամասշտաբ անձնակազմ ուղարկել Ուկրաինա։ Այս մասին լրագրողներին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ներկայացուցիչը։
«Մեծ Բրիտանիան արդեն փոքրաթիվ անձնակազմ ունի երկրում, որն աջակցում է Ուկրաինայի զինված ուժերին, այդ թվում՝ բժշկական պատրաստության համար», – նրա խոսքերն է մեջբերում Barron’s լրատվամիջոցը։
Նա նշել է, որ Միացյալ Թագավորությունը չի նախատեսում «մեծամասշտաբ տեղակայում իրականացնել» Ուկրաինայում։
Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին նույնպես դեմ է արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն, ինչն ավելի վաղ չէր բացառել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում չենք, մենք պաշտպանում ենք Ուկրաինան, և ես անձամբ դեմ եմ իտալական զորքեր ուղարկելուն՝ Ուկրաինայում կռվելու», – մեջբերում է ANSA գործակալությունը նրա խոսքերը: