Կայացան US Open-ի կիսաեզրափակիչները: Կանանց պայքարում ավստրալուհի Սամանտա Ստոսուրը 3 սեթում (6:3, 2:6, 6:2) առավելության հասավ գերմանուհի Անգելիկա Կերբերի նկատմամբ, իսկ Սերենա Ուիլյամսը 2 սեթում (6:2, 6:4) պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ Կառոլին Վոզնյացկուն և իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ կխաղա US Open-ի եզրափակիչում:
Տղամարդկանց պայքարում եզրափակիչի ուղեգրերը խաղարկեցին աշխարհի չորս ուժեղագույն թենիսիստները: Եթե 2-րդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալն առանձնակի խնդիրներ չունեցավ 4-րդ ռակետ բրիտանացի Էնդի Մարեյի հետ խաղում և հաղթեց 3:1 (6:4, 6:2, 3:6, 6:2) հաշվով, ապա առաջին և երրորդ ռակետներ` սերբ Նովակ Ջոկովիչի և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հանդիպումն իսկական ներկայացում էր հիշեցնում:
Վերջին 2 տարում իր լավագույն մրցաշարն անցկացնող Ռոջեր Ֆեդերերը բոլոր հնարավորություններն ուներ հաղթելու այս մրցաշրջանում վերերկրային թենիս ցուցադրող Նովակ Ջոկովիչին, սակայն չիրացրած երկու մաչբոլերը ճակատագրական եղան շվեյցարացու համար:
1-ին սեթում մրցակիցները հաղթեցին իրենց բոլոր մատուցումները, իսկ թայբրեքում Ռոջերն առավելության հասավ 9:7 հաշվով: Երկրորդ սեթի երրոդ գեյմում շվեյցարացին հաղթեց Նովակի մատուցումն ու սեթը հանգիստ հացրեց իր ավարտին` 6:4:
3-րդ սեթում Ֆեդերերն ասես կորցրեց կենտրոնացումն ու մինչև 5-րդ սեթի սկիզբը այդպես էլ չկարողացավ ցուցադրել այն` ինչ նրան հաջողվում է կատարել առաջին 2 սեթերում: 3-րդ և 4-րդ սեթերն ավարտվեցին Նոլեի հաղթանակով` 3:6, 2:6:
Թվում էր` Ֆեդերերն այդպես էլ ուշքի չի գա և նույն հեշտությամբ կզիջի նաև վճռական սեթը, սակայն բոլոր ժամանակների լավագույն թենիսիստներից մեկը կարողացավ կենտրոնանալ ու անակնկալ մատուցել այսօրվա ուժեղագույն թենիսիստին: Մինչև 4:3 հաշիվը թենիսիստներն առանց դժվարության հաղթեցին իրենց մատուցումները, իսկ 8-րդ գեյմում Նովակի մատուցման ժամանակ Ռոջերը լարեց իր ողջ ներուժը և թույլ չտվեց սերբին գոնե մեկ գնդակ հաղթել: 9-րդ գեյմ` Ֆեդերեը մատուցում է եզրափակիչի ուղեգրի համար` 0:15, 15:15, 30:15, 40:15` կրկնակի մաչբոլ և Ֆեդերերի առաջին մատուցումը ստացվեց: Թվում է` վերջ` խաղն ավարտված է, բայց Նոլեն այլ կարծիքի է և հետադարձ էյսով հաշիվը դարձնում է 40:30: Այդուհետ ցանցը խաղաց Ջոկովիչի օգտին` 40:40 և այստեղ արդեն Ֆեդերերը հանձնվեց` նախ հարվածելով ցանցին, ապա մատուցման ժամանակ կրկնակի սխալ թույլ տալով` 5:4: Այդուհետ շվեյցարացին ոչ մի գեյմ չհաղթեց ու պարտվեց 5:7 հաշվով:









































