Հայաստանի խնդիրները շատ են և նոր չեն, այնպիսին չեն, որ երեկ արթնացանք ու տեսանք, թե որքան խնդիրներ կան Հայաստանում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ամերիկահայ դերասանուհի Նորա Արմանին:
«Այս խնդիրները միշտ էլ եղել են և դրանք հնարավոր չէ արագ լուծել: Ամենակարևորն ինձ համար, որպես անձ, որ մշակույթով է հետաքրքրվում և թատերական աշխարհի մաս է կազմում, տեսնելն է, թե ինչպես է մեր մշակույթը վնասվում: Ներկա պայմաններում մենք ունենք մշակույթ և պետք է գուրգուրենք այն: Այսօր մեր սահմաններն էլ վտանգված են, մեր եկեղեցիները, հուշարձանները վտանգված են, բայց դրանք կարող ենք կառուցել, իսկ մշակույթը, լեզուն, եթե կորցնենք, շատ դժվար կլինի և լրիվ կբնաջնջվենք: Մենք ունենք ինքնության ճգնաժամ: Միգուցե ժամանակին մտածում էինք, որ մենք Սփյուռքում ձուլման մեջ ենք, կարող ենք մեր ինքնությունը կորցնել որպես հայեր, բայց կա Հայաստան, որտեղ ամեն ինչ լավ է: Բայց ես այսօր տեսնում եմ, որ Հայաստանում ևս մեր մշակույթը վտանգված է: մենք լրջորեն չենք մոտենում մեր մշակույթին, մեր թատրոնին, չենք անդրադառնում, որ թատրոնը մեծ զենք է ժողովուրդ դաստիարակելու, մշակույթը զարգացնելու: Բայց տեսնում ենք, որ թատրոններ են փակվում, իրար միացվում, բաներ, որոնք այլ երկրներում համաշխարհայնացման ալիքի տակ պատահում են, բայց մեզ համար համաշխարհայնացումը շատ թանկ քմահաճույք է: Մենք պետք է մնանք մեր սահմաններում, մեր մշակույթի մեջ և զորացնենք մեր հիմքերը»,-ընդգծեց նա:









































