Հայկական ակումբները սկսում են պայքարը եվրագավաթների խաղարկություններում։ Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20-ին Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին մրցավեճում կմրցի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ։ Բուքմեյքերները այս դիմակայությունում բացահայտ ֆավորիտ են համարում ռումինական թիմին։ «Կլուժի» հաղթանակի գործակիցը 1.45 է։ «Փյունիկի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 7.00, ոչ ոքի արդյունքինը՝ 3.70 գործակցով։ Նշենք, որ Հայաստանի առաջնության ավարտից հետո «Փյունիկից» հեռացել էին միանգանից 10 ֆուտբոլիստներ այդ թվում նաև թիմի առաջատարներ Սերժ Դեբլեն, Ուգո Ֆիրմինոն, Գևորգ Ղազարյանը։ Երեկ երևանյան ակումբը հայտարարեց միանգամից 9 նոր ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու մասին։ Մասնավորապես, թիմին են միացել պաշտպաններ Արթուր Ավագյանը, Սերգեյ Վակուլենկոն, Միխայիլ Կովալենկոն, Բորիս Վարգան, կիսապաշտպաններ Դավիթ Դավիդյանը, Անդրե Մենսալաոն, Նեմանյա Մլադենովիչը, հարձակվողներ Լուկա Ջուրիչիչը և Մարյան Ռադեսկին:
Բնական է, որ կարճ ժամանակում նորեկները դժվար թե ինտեգրված լինեն, թիմին, բայց․․․։ Չեմպիոնների լիգայի մեկնարկին լուրջ կորուստներ է կրել նաև «Կլուժը»։ Մասնավորապես, մրցաշրաջնի ավարտից հետո թիմից հեռացել են 5 ֆուտբոլիստներ։ Եթե մեկ ամիս առաջ «Կլուժի» ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 41 միլիոն եվրո էր, ապա այսօր խաղացողների տրանսֆերային հանրագումարը 29․3 միլիոն եվրո է։ «Կլուժի» ամենաթանկ ֆուտբոլիստը կենտրոնական պաշտպան Անդրեի Բուրկան է։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 4 միլիոն եվրո։ Ռումինիայի չեմպիոնն ունի միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող 10 ֆուտբոլիստներ։ Համեմատության համար նշենք, որ «Փյունիկի» ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 6․6 միլիոն եվրո է։ Հայկական թիմում չի խաղում գեթ մեկ ֆուտբոլիստ, որի տրանսֆերային արժեքը գերազանցի մեկ միլիոն եվրոն։ «Փյունիկի» ամենաթանկ ֆուտբոլիստը օրեր առաջ թիմի հետ պայմանագիր կնքած Մարյան Ռադեսկին է, որի տրանսֆերային արժեքը 350 հազար եվրո է։ Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են։ «Մրցակցի հարձակման գիծն է շատ ուժեղ՝ հատկապես եզրերը: Շատ որակյալ ֆուտբոլիստներ ունեն ու համոզված եմ, որ մեզ համար խնդիրներ են ստեղծելու: Մենք վերլուծել ենք ու հասկացել ենք իրենց ուժեղ ու թույլ կողմերը: Որքան հնարավոր է աշխատելու ենք փակել նրանց ուժեղ կողմերը, թե ինչքանո՞վ կստացվի՝ խաղը ցույց կտա: Նրանք էլ ունեն դիրքեր, որտեղ թույլ են: Պետք է օգտագործենք դրանք: Ես ունեմ վստահություն, որ եթե տղաներն անեն այն, ինչ պայմանավորվել ենք մենք, մեզ մոտ կստացվի նվազագույնը լավ խաղ, հաջողություն ու արդյունք»,-նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
«Կլուժի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն նախախաղային ասուլիսի ժամակ հանդես եկավ բավական կտրուկ շեշտադրումներով։ Ռումինացի մասնագետը հայտարարեց, որ ռումինական ֆուտբոլն աղետալի վիճակում է գտնվում և որ դիմակայության իրական ֆավորիտը Հայաստանի չեմպիոնն է: Ավելին, Պետրեսկուն նշեց նաև, որ իրենք մրցելու են մի երկրի չեմպիոնի հետ, որի ազգային ընտրանին հաղթել է Ռումինիային: «Մեծ ճնշման տակ ենք եղել, նույնիսկ երբ խաղացել ենք մեզնից ավելի լավ թիմի հետ: Միշտ եղել ենք ֆավորիտ մամուլի աչքերում: Այսպես է Ռումինիայում: Ռումինական ֆուտբոլն աղետալի վիճակում է: Վերջին հինգ տարում ոչ ոք ոչինչ չի արել, միայն թերևս «Կլուժը»: Ոչ հավաքականի, ոչ ակումբային մակարդակում: Եթե խաղում ենք մի երկրի չեմպիոնի հետ, որի հավաքականը հաղթել է Ռումինիային, ապա նրանք են բացահայտ ֆավորիտը:
Մի մոռացեք այդ մասին, բայց մենք մոռանում ենք»,- ասաց Պետրեսկուն։ Հիշեցնենք, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանն ու Ռումինան ընգրկված էին միևնույն ենթախմբում։ 2021 թվականի մարտին Երևանում տեղի ունեցած մրցավեճում Հայաստանի հավաքականին հաջողվել էր հաղթել 3։2 հաշվով, իսկ Բուխարեստում կայացած պատասխան մրցավեճում մեր հավաքականը պարտվել էր 1։0։









































