Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթը, չորեքշաբթի օրը Վերսալի պալատում՝ Արև-արքա Լուի XIV-ի երբեմնի շքեղ նստավայրում, հյուրընկալել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Մակրոնն ու նրա կինը Թրամփին դիմավորել են պալատի աստիճանների վրա, որից հետո երեքով լուսանկարվել են: «Հրաշալի է»,— ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ ընդունել է Փարիզի մերձակայքում գտնվող Վերսալում ընթրելու Մակրոնի հրավերը, քանի որ ինքը «գեղեցիկ վայրերի սիրահար է»:
«Վերսալն իսկական արժեք է»,— հայտարարել էր Թրամփը՝ Շվեյցարիայի սահմանի մոտ գտնվող Էվիան լե Բենում ընթացող G7-ի գագաթնաժողովում։
Ավելի ուշ Թրամփն ասել է. «Այս երեկո ես անհամբեր կերպով սպասում եմ նախագահ Մակրոնի և նրա հիասքանչ տիկնոջ հետ շատ առանձնահատուկ ընթրիքին Վերսալի պալատում… դա հրաշալի պալատ է, թերևս ամենագեղեցիկը բոլորից»։
Թրամփի հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ վերջին տարիներին լարված են եղել մի շարք հարցերի պատճառով՝ սկսած մաքսատուրքերից մինչև Իրանի պատերազմ կամ Ուկրաինա: Սակայն երկու կողմերն էլ նշել են, որ G7-ի գագաթնաժողովն հաջող է անցել, հատկապես՝ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնեցված համատեղ հայտարարության շնորհիվ:










































