Մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա առաջին հանդիպումը կանցկացնի, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Չեռնոգորիայի հետ։ 5-օր անց էլ մերոնք Օսլոյում կհյուրընկալվե Նորվեգիային։ Երևանում կայանալիք առաջիկա մրցավեճով մեր հավաքականի կսկսվի բոլորովին նոր ժամանակաշրջան։ Ժամանակաշրջան առանց թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի։ Վերջինս նախորդ շաբաթ հայտարարել էր ազգային թիմում իր ելույթներն ավարտելու մասին։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կրկին պետք է փորձի թիմը կառուցել առանց ընդգծված առաջատարի։ 2020 թվականի օգոստոսին Ազգերի լիգայի խաղարկությանն ընդառաջ Մխիթարյանը հայտարարել էր, որ չի միանա ազգային թիմին ոչ այնքան լավ մարզավիճակի պատճառով։ Այն ժամանակ շատ էր խոսվում, որ Մխիթարյանը հրաժեշտ է տալիս ազգային թիմին։ Ստեղծված իրավիճակում իսպանացի մասնագետը փոխելով հավաքականի տակտիկական սխեման մրցաշարը սկսեց միանգամայն նոր մարտավարությամբ։ Հյուսիսային Մակեդոնիային զիջելուց հետո մերոնք առանց Մխիթարյանի Երևանում 2։0 հաշվով հաղթեցին Էստոնիային։ Մինչ այդ մեր հավաքականն առանց Մխիթարյանի չէր հաղթել 13 տարի։
Ֆուտբոլասերներից ոմանք այն կարծիքի էին, որ Հայաստանի ազգային թիմն ի զորու չէ հաղթել առանց առաջատարի։ Մինչև Էստոնիայի հետ հանդիպումը Հայաստանը վերջին անգամ առանց Մխիթարյանի պաշտոնական հանդիպումներում հաղթել էր 2007 թվականի հունիսի 6-ին՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում «Հանրապետական» մարզադաշտում 1։0 հաշվով առավելության հասնելով Լեհաստանի նկատմամբ։ Այդ ժամանակ Հայաստանի հավաքականը գլխավորում էր լուսահոգի Յան Պորտերֆիլդը, իսկ հաղթական գոլը խփել էր Համլետ Մխիթարյանը։ Ինչ վերաբերում է ընկերական հանդիպումներին, ապա վերջին հաղթանակն առանց Հայաստանի հավաքականի ներկայիս ավագի ևս կայացել էր հեռավոր 2007 թվականին։ Մասնավորապես, Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 12-ին Վալետտայում կայացած ընկերական խաղում Արթուր Ոսկանյանի խփած գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթել էր Մալթայի ընտրանուն։ Դրանից հետո Հայաստանի ազգային հավաքականի բոլոր հաղթանակները գրանցվել էին Մխիթարյանի անմիջական մասնակցությամբ։ Նշենք նաև, որ Մխիթարյանը Հայաստանի ազգային թիմում նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին՝ Կալիֆոռնիայում տեղի ունեցած Պանամայի դեմ ընկերական մրցավեճում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Փաստորեն, 13 տարվա մեջ Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականի առաջին ու միակ մասնագետն էր, ում հաջողվել էր առանց Մխիթարյանի հաղթանակի հասնել։ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկից առաջ վերջին 4 հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել էր առանց Հենրիխ Մխիթարյանի։ Մասնավորապես, ծանր վնասվածքի պատճառով մեր հավաքականի ավագը չէր մասնակցել 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հոկտեմբերին և նոյեմբերին կայացած Լիխտենշտեյնի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Իտալիայի հավաքականների հետ հանդիպումներին։
Դրանից առաջ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը Մխիթարյանը կրել էր 2019 թվականիսեպտեմբերին Բոսնիա-Հերցեգովինայի դեմ մրցավեճում։ Նրա փայլուն խաղի շնորհիվ մեր հավաքականը տպավորիչ հաղթանակ էր տարել 4։2 հաշվով՝ հնարավորություն ստանալով պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ մրցավեճերում Հայաստանի հավաքականն առանց Մխիթարյանի տապալվեց։ Դրան հաջորդեցին Հունաստանի և Իտալիայի դեմ խայտառակ հանդիպումները։ Խայտառակ մրցավեճերից հետո շատ էր խոսվում այն մասին, որ Հայաստանն ունի երկու տարբեր հավաքական. հավաքական՝ Հենրիխ Մխիթարյանով, և հավաքական՝ առանց Հենրիխ Մխիթարյանի։ Տարիներ շարունակ բոլորս հույսներս դրել էինք Մխիթարյանի վրա՝ վստահ լինելով, որ նա, իր հետևից տանելով խաղընկերներին, կարող է հաղթանակներ կերտել։ Այո, շատ դեպքերում Մխիթարյանին հաջողվել է դա անել։ Ամենաթարմ օրինակը հենց Բոսնիայի հետ հանդիպումն է, բայց… Խոակին Կապառոսն ըստ էության կատարեց բավական բարդ մի քայլ, որը մեր հավաքականի նախորդ մարզիչներին չէր հաջողվում անել։ Հիմա արդեն փաստ է, որ մերոնք ի զորու են հաղթել նաև թիմային խաղով։
Հենրիխ Մխիթարյանը Ազգերի լիգայի խաղարկությունում հավաքականին միացավ հոկտեմբերին տեղի ունեցած Վրաստանի և Էստոնիայի դեմ հանդիպումներին։ Առաջին դեպքում հանդիպումն ավարտվել էր 2։2, իսկ էստոնացիների դեմ խաղը 1։1 հաշվով։ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը ևս Հայաստանի հավաքականը սկսել էր առանց Մխիթարյանի։ Վերջինս ազգային թիմին չէր միացել վնասվածքի պատճառով։ Մեկնարկային 3 հանդիպումներում Հայաստանի հավաքականը նույնքան հաղթանալ էր տարել պարտության մատնելով Լիխտենշտեյնին, Իսլանդիային և Ռումինիային։
Նախորդ տարավ սեպտեմբերին ապաքինված Մխիթարյանը նորից միացավ հավաքականին։ Նրա մասնակցության 7 հանիպումներում մեր գլխավոր թիմը ոչ մի հաղթանակ չտարավ վաստակելով ընդամենը 3 միավոր։ Փաստորեն, Կապառոսը և Մխիթարյանը համատեղ ոչ մի հաղթանակ այդպես էլ չտարան։









































